Երթուղայինի վարորդն իջավ ու օգնեց հաշմանդամություն ունեցող երեխայի մայրիկին․ հաղորդավարուհու գրառումն ու պաշտոնյաների արձագանքը

Ռադիո Ավրորայի լուրերի հաղորդավար Լիլիթ Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում պատմել է․ «Գրառումս մարդու, նրա մարդկային արժեքների եւ մարդ մնալու մասին է...

 

Երեկ աշխատանքի գնալիս պետք է օգտվեի 3-րդ համարի ավտոբուսից, որն էլ կանգնեց Դավիթ Անհաղթ փողոցի կանգառներից մեկում։ Նկատեցի, որ վարորդը դուրս եկավ։ Մտածեցի, որ կամ ավտոբուսի դռների հետ ինչ-որ խնդիր Է առաջացել, կամ էլ  վարորդը ջուր է ուզում խմել։ Ու որքան մեծ էր զարմանքս.....վարորդն իջավ ու օգնում էր հաշմանդամություն ունեցող բալիկի մամային, որ սայլակը բարձրացնեին ավտոբուս։ Հետո հարցրեց՝ ո՞ր կանգառում են իջնելու։ Վարորդը երիտասարդ էր։ Առանց դժգոհելու, մուննաթի օգնեց ու շարունակեցինք ճանապարհը։ Մինչեւ իմ կանգառ շոկի մեջ էի։ Քաղաքային տրանսպորտից շատ եմ օգտվում։ Ռոքֆելերի բարեկամը չեմ, որ տաքսիներով շրջեմ կամ իմ սեփական մեքենան պահեմ...էս գներով։ Կյանքիս մեջ առաջին անգամ եմ նման վարորդ տեսնում։ Մեքենայի համարը ֆիքսել եմ, բայց չեմ ասի։ Նրան գտնելը բարդ չէ, մանավանդ որ հիմա ավտոբուսներում տեսախցիկներ կան։

Հենց նման մարդիկ են մեր կյանքի շարժիչ ուժը, հենց նրանք են մեր կյանքին գույներ տալիս ու հենց նրանք են, որ իրենց մարդ տեսակով մյուս մարդկանց էլ են ստիպում մարդ մնալ։

Անվտանգ երթեւեկություն Ձեզ, քաղաքային տրանսպորտի վարորդները, չնեղանաք, բայց այս դեպքում 3-րդ համարի ավտոբուսի վարորդի գլխավորությամբ։

Հ.Գ. մարդիկ, հասարակություն, ուղեւորներ ջան, տրանսպորտը բոլորի համար է՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց։ Երբ նրանք սայլակով, ձեռնափայտով են երթուղային բարձրանում՝ ՏԵՂ ՏՎԵՔ...»։ 

 

Նշենք, որ գրառման մեկնաբանություններում Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն արձագանքել է և նշել․ «Լիլ ջան, երբ էս թեմայով ինձ զանգեցիր, շատ ուրախացա: Բայց հետո տխրեցի, գիտե՞ս: Որովհետև սկսել ենք զարմանալ էնպիսի բաների վրա, ինչը ՆՈՐՄԱԼ ա: Էդպես պիտի վարվի ցանկացած նորմալ մարդ: Ու հեչ լավ բանի մասին չի խոսում հանգամանքը, որ դա մեզ զարմացնում ա»։ 

 

 

Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանն էլ նշել է․ «Լիլիթ ջան, իհարկե շատ լավ է, որ կան նման վարորդներ, բայց ըստ էության՝ տեղին կլինի մեջբերել դասական դարձած «Դա լավ չի, դա նորմալ ա»-ն: Շնորհակալություն գրառմանդ համար»:

 

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ Հակոբ Կարապետյանն էլ անտարբեր չի անցել և ընդգծել է․ «Լիլիթ ջան, միանալով գործընկերներիս, ուզում եմ ավելացնել նաեւ, որ դա ոչ միայն մարդկային է, ոչ միայն նորմալ է, այլեւ վարորդները ՊԱՐՏԱՎՈՐ են օգնել սայլակը ներս մտցնել։ Դա ինստրուկցիայի մի մասն է»։ 

 

Չնայած պաշտոնյաների վերոնշյալ պնդումների՝ ցավով պետք է արձանագրենք, որ նման դեպքերն այնքան հազվադեպ են տեղի ունենում, որ հասարակության շրջանում միայն ու միայն զարմանք ու հիացմունք են առաջացնում։ 

 

 

Քաղաքականություն