
Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկել 17-ամյա տղայի. փաստաբանը մանրամասներ է հայտնել

Նախօրեին Ֆրանսիայի հրապարալից ծնողի ներկայությամբ բերման է ենթարկվել Մոնթե Մելքոնյանի սան, 17-ամյա Աղասի Խաչատրյանըին հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղասի Խաչատրյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Աղասիին բերման են ենթարկել տխրահռչակ զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով, Ֆրանսիայի հրապարակից ծնողի ներկայությամբ, տարել են մի քանի ոստիկանական բաժիններ, ապա բերել են քննչական: Ես եւ պատգամավորը փորձում էինք մտնել, մեզ սկզբում սպասեցրին, հետո հաջողվեց մուտք գործել, երեխային տեսանք, երեկ ձերբակալեցին, կարծում եմ, որ ինչպես բոլորի դեպքում իրեն նույնպես կցանկանան կալանավորել»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով` հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան հատվածում միջադեպի ժամանակ ոստիկանները ծեծի են ենթարկել նաեւ Աղասիին, որից հետո նա շիշ է նետել ոստիկանների ուղղությամբ. «Ոստիկանները ոչ մի պատասխանատվություն չեն կրում նրա համար որ բիրտ ուժ են կիրառում, այդ թվում կանանց եւ երեխաների նկատմամբ, բայց երեխային մեղադրում են, որ մի շիշ է շպրտել ծեծվելուց հետո անզորությունից ու զայրույթից, սա ինքնապաշտպանություն են կոչում»:
Աղասիի հայրը` Տարոնիկ գյուղի նախկին համյանքապետ, 44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Խաչատրյանը լրատվամիջոցի հետ զրույցում պատմեց, որ իր որդուն իր ներկայությամբ են բերման ենթարկել 7-8 քաղաքացիական հագուստով անձիք:
«Մեզ նույնիսկ չթողեցին մոտենանք, ասացին` իր հետ բան կա պարզելու, մի քանի րոպե խոսացին, առանց ներկայանալու, առանց փաստաթուղթ ներկայացնելու, մեզ ասում են, որ երեխուն մեքենայով տանում են Մասիվի ոստիկանություն: Մասիվի ոստիկանությունում ասում են, որ նման անունով մարդ բերման չի ենթարկվել հետո ճշտում ենք ու իմանում, որ քննչական են տարել: Գնում ենք այնտեղ ու պարզվում է, որ երեխուն բերման է ենթարկվել ոստիկանների ուղղությամբ 2 շիշ շպրտելու համար»,-ասաց նա:
Աղասիի հայրը պատմեց, որ իր տղան Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանի սան է, զղջում է իր արածի համար, սակայն այդ պահին ոստիկանների վայրագությունները տեսնելուց հետո զայրույթից է շշերը շպրտել:
«Իմ տղային այդ օրը ծեծել են ոստիկանները, հարվածել են վահաններով, մեջքին հետքերը երեւում են, շորերը ճղճղված են եղել, այդ ժամանակ ոստիկանները ծեծել են աղջիկներին ու կանանց, դրանից էլ երեխաս զայրացել է»,- պատմեց նա:
Ալբերտ Խաչատրյանը նշեց, որ ինքը անկուսակցական է, ինքը եւ իր 3 տղաները ունեն ՌԴ քաղաքացիություն, սակայն չեն պատրաստվում Հայաստանը լքել եւ իր որդիները նույնպես պետք է ապրեն Հայաստանում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում