«Յանդեքսի» վարորդները խնդրի առաջ են․ չվերջացող ահազանգերն ու պարզաբանումը

«Յանդեքս  տաքսի» ծառայության անկանխիկ վճարման համակարգի խնդիրն արդեն մի քանի ամիս է չի կարգավորվում։ Նախկինում  գրել էինք, որ ծառայության վարորդներն ահազանգում են, որ ծառայություն մատուցում են, սակայն անկանխիկ վճարման ժամանակ խնդրի են բախվում։  

«Երբ հաճախորդը վճարում է անկանխիկ եղանակով, գումարը, բնականաբար, փոխանցվում է «Յանդեքս  տաքսի» ծառայության համակարգին, որից պետք է վճարվենք մենք՝ վարորդներս, սակայն արդեն երկար ժամանակ է մեր աշխատած գումարը մեզ հետ չի փոխանցվում»,- այս մասին ասաց Auroranews ահազանգած քաղաքացին։  

Auroranews-ը չվերջացող ահազանգերի մասով կապ հաստատեց «Յանդեքս տաքսի» ծառայության տնօրեն Ավետիս Գասպարյանի հետ՝ հասկանալու, թե ինչու՞ մինչև օրս հարցը չի լուծվել։ 
 

«Խնդիրը վաղուց լուծված է, մենք ունեինք պահանջարկի կտրուկ ավելացում՝ դա է պատճառը, որ գումարները դանդաղ են փոխանցվում։ Սուտ են տեղեկությունները, թե փոխանցում չի իրականացվում։ Չգիտեմ բողոքողներն ովքեր են, բայց կարող եմ ասել, որ մենք մասսայական խնդիր չունենք»,- ասաց ծառայության տնօրենը։ 

 

Գասպարյանի խոսքով՝ դանդաղ փոխանցումերի խնդիրը կախված է նրանից, թե նախորդ օրվա պատվերները որքան են եղել։ Բացի այդ՝ Գասպարյանը նշեց, որ դա բացառապես տեխնիկական խնդիր է և փոխանցումների ուշացումերը երբեմն կապված են լինում ոչ աշխատանքային օրերի հետ համընկմամբ։ 

 

«Օրինակ՝ երբեմն ստացվում է, որ երկուշաբթի օրը պետք է փոխանցվի ինչպես երկուշաբթի օրվա, այնպես էլ  շաբաթ-կիրակի օրերի գումարները, իսկ այդ պրոցեսի համար ժամանակ է պահանջվում։ Դրան գումարում ենք անկանխիկ պատվերների դեպքում պահանջարկի  կտրուկ  ավելացումն ու պարզ է դառնում, թե ինչու է պրոցեսը դանդաղում»,- նշեց Գասպարյանը՝ հավելելով, որ խնդիրը կապված չէ ընկերության հետ, քանի որ փոխանցման այդ համակարգով արդեն աշխատում են մեկուկես տարի։ 

 

Մեր հարցին, թե այս տեղեկությունը ինչու՞ վարորդներին չի ներկայացվում և կազմակերպությունն արդյո՞ք նախաձեռնում է միջոց՝ խնդիրն ավելի արագ կարգավորելու համար, Գասպարյանն ասաց․

 

«Վարորդները մեր աշխատակիցները չեն, մենք իրենց աշխատավարձ չենք վճարում։ Մենք համագործակցում ենք գործընկերների հետ և վարորդները գրանցվում են գործընկերների մոտ։ Մենք համարժեք տեղեկությունները, խնդիրները փոխանցում ենք գործընկերներին, ովքեր պարտավոր են տեղեկացնել այն վարորդներին, որոնք գրացված են իրենց մոտ։ Մենք՝ որպես ընկերություն, ունենք աշխատանքային հարաբերություն բանկերի հետ, որոնք վերցնում են այդ գումարը, ինչպես նաև  e-wallet-ի հետ, որը փոխանցում է այդ գումարը»,- մանրամասնեց Գասպարյանը։ 

 

Ծառայության տնօրենի խոսքով՝ իրենք նորամուծություններ և նոր տեխնոլոգիաներ են մտցնում, որ փոխանցումները ավելի սահուն լինեն։

 

Չնայած Ավետիս Գասպարյանի վերոնշյալ պնդումների՝ տաքսու վարորդները մեզ պատմեցին, որ փոխանցման խնդիրը մեկ կամ երկու օրով չի լինում՝ արդեն 6 օր է, որ իրենց փոխանցումները չեն կատարում։ 

 

Թարմացված․

Այս նյութի հրապարակումից հետո բազմաթիվ զանգեր ստացանք։ Մեզ հետ կապ հաստատեցին «Յանդեքս  տաքսի» ծառայության վարորդներից մի քանիսը և նշեցին, որ ծառայության տնօրենը ստում է։  

 

Ըստ վարորդների՝ ընկերությունը բանկերում շրջանառում է իրենց գումարները և միայն դա է պատճառը, որ նման խնդրի առաջ են կանգնել։ 

Նրանց խոսքով՝ բողոքի ակցիաներից հետո,  սովորաբար, արգելափակում են բողոքող վարորդների հեռախոսահամարները և հեռացնում աշխատանքից։ Ի նշան բողոքի վարորդները երկուշաբթի օրը՝ ժամը 12։00-ին․ «Յանդեքսի» գրասենյակի դիմաց ակցիա կիրականացնեն։ 

Քաղաքականություն