
Ակնհայտ դիտավորություն է եղել. ԱՀ ՄԻՊ-ը` ադրբեջանական բեռնատարի կողմից տաքսին ձորը գցելու մասին

Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման Ռենո Լոգան տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը։
Այս մասին, անդրադառնալով ավելի վաղ հայտնի դարձած դեպքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ շարունակելով.
Մեքենայի մեջ բացի վարորդից եղել են 2 ուղևորներ։ Նախնական հետազոտության արդյունքում՝ ուղևորները մարմնական վանասվածքներ չեն ստացել։ Նյութական վնաս է հացվել տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը։
ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝
- Ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսի մեքենան գլորվել է ձորը։
- Բախումից հետո, տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը, ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը։
- Տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել։
Դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացվում է ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին։
Հիշեցնենք՝ ըստ ԱՀ դատախազության՝ Արցախի ոստիկանությունը քննում է ադրբեջանական շարասյան կողմից արցախցու մեքենան վթարի ենթարկելու և ձորը գլորելու դեպքը: