Թուրքիայում սպառողական գները 70 տոկոսով աճել են` նախորդ տարվա համեմատ

 Թուրքիայում սպառողական գները նախորդ տարվա համեմատությամբ աճել են գրեթե 70 տոկոսով։ Միայն տրանսպորտի գները մեկ տարվա ընթացքում աճել են 105 տոկոսով։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով երկրի պաշտոնական տվյալներին։

 

Ընդհանուր առմամբ, ապրանքների գները բարձրացել են աշխարհի տարբեր երկրներում։ Սակայն ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայում խնդիրներն ավելի լուրջ են, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվում է բարձրացնել տոկոսադրույքները, ինչը սովորաբար արվում է գնաճը զսպելու համար։ Սննդի և ոչ ալկոհոլային ըմպելիքների գինն աճել է 89,1 տոկոսով, իսկ կահույքի ու կենցաղային տեխնիկայի գինը՝ 77,64 տոկոսով։ Ամսական կտրվածքով ապրիլին գներն աճել են 7,25 տոկոսով։

 

Պարբերականը նշում է, որ աշխարհում գների աճը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով և Ուկրաինայում պատերազմով։ Շատ երկրներ սրան արձագանքել են՝ բարձրացնելով տոկոսադրույքները, որպեսզի մարդիկ և ընկերությունները ավելի քիչ փոխ առնեն և ավելի քիչ ծախսեն, որպեսզի ինֆլյացիան զսպվի։ Իսկ Թուրքիայի նախագահն անցյալ տարի փոխեց Կենտրոնական բանկի ղեկավարությանը, և բանկը սեպտեմբերից տոկոսադրույքները 19 տոկոսից իջեցրեց 14 տոկոսի։

Քաղաքականություն