
ՔՊ և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները պատասխանել են Պետրոս Ղազարյանին

Այսօր հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել, որով քննարկում-բանավեճի էր հրավիրում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին:
Նա մասնավորապես գրել էր.
«Իրար հեռակա ինչ ասես ասելու փոխարեն շատ ավելի պատասխանատու կլինի նստել դեմ դիմաց և քաղաքակիրթ բանավիճել։ Կուզեք ուղիղ եթեր։ Սպասում եմ արձագանքներին»։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով հրավերին, հայտնել է, որ համաձայն է բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։
«Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ՝ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։
Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»,- գրել է Կոնջորյանը։
ArmDaily.am-ը կապ է հաստատել նաև Սեյրան Օհանյանի հետ, ով ասել է, որ չի մասնակցելու այդ բանավեճին։
«Ինձ զանգահարել է Կարեն անունով իրենց աշխատակիցներից մեկը։ Ես զբաղված եմ և իրենց հետ քննարկելու բան չունեմ»,-ասել է Օհանյանը։