
Մեզ բոլորիս խաբել են, բոլորիս. Արսեն Ջուլֆալակյան

Մեզ բոլորիս խաբել են, բոլորիս։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասել է նախկինում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը:
«Խաբել են Արցախի հարցում, խաբել են տարածքային ամբողջականության պահպանման հարցում, խաբել են թռիչքաձև տնտեսություն ապահովելու հարցում, առողջապահության հարցում, խաբել են նույնիսկ իրենց այդքան սիրած՝ ասֆալտի հարցում։ Խաբել են ինձ՝ անձամբ, երբ խնդրում էին միանալ իրենց ու մասնակցել «պետականաշինության» կարևոր գործին»,- ասել է նա։
Արսեն Ջուլֆալակյանի խոսքով՝ պատասխանատվություն վերացնելու և ուժեղ, հզոր Հայաստան կառուցելու հորդորները, որոնք իշխանության ներկայացուցիչներն ուղղել են իրեն և իր նման այլ մարդկանց, ընդամենը գեղեցիկ փաթեթավորում էին։
«Նրանք տակից վարում էին իրենց ազգակործան քաղաքականությունը։ Այնպես որ, այսօր ապացուցված է՝ երկրի վարչապետը ստախոս է»,- ասել է Ջուլֆալակյանը։
«Ունենք բիզնեսմեն պատգամավորներ կամ, ավելի ճիշտ, օլիգարխներ, ովքեր խոստանում են գումարներ՝ դրա դիմաց։ Ասել է, թե՝ վաճառվել․ եկեք ինչ-որ մեծ թվի դիմաց վաճառվենք Թուրքիային և Ադրբեջանին։ Մի՞թե մենք մոռացանք, թե ընդամենը մեկ տարի առաջ մեզ հետ ինչ էին անում այդ պետությունները։ Մի՞ թե այդքան հեշտ ենք մոռանում արյունը։ Էլ չեմ ասում՝ Ցեղասպանությունը։ 1,5 միլիոնից ավելի հայի արյուն են թափել, ինչպե՞ս կարող ենք հիմա այդ ամենը մոռանալ»,- հարց հնչեցրեց Արսեն Ջուլֆալակյանը։