
Ինչու՞ է ոստիկանը բոքսում քաղաքացուն. Ալեն Սիմոնյանը պատասխանել է հարցին

Բացի մորուք պահելուց՝ ամեն ինչ կրկնում են, բայց չեն հասկանում, որ նույն բանն անելը չի նշանակում, որ կարող են հաջողել: Այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` խոսելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակի մասին։
«Այն ուժերը, որ ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա փորձում են նույն դերակատարներով, նույն ասելիքով ու նույն ագրեսիայով ալիք բարձրացնել, իրենք իրենց ոգևորում են, որ ամեն ինչ լավ է ստացվում. Ակնհայտ է՝ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են», - Ազգային ժողովում լրագրողներին ասաց նա։
Նա նաև նեշել է, որ հասկանում է ընդդիմությանը, «սա իրենց համար, միգուցե, վերջին շանսն է»:
«Նրանցից շատերն այս փորձից հետո, կարծում եմ, չպետք է վերադառնան ԱԺ դահլիճ, որովհետև իրենց քաղաքական ասելիքն այլևս սպառված է»,- հավելել է ԱԺ նախագահը:
Դիտարկմանը, թե ոստիկանությունը «բոքսում է» ցուցարարներին, ԱԺ նախագահը կոչ արեց լեքսիկոնից հանել «ոստիկանությունը բոքսում է» արտահայտությունը։
«Մի կոնկրետ դեպք ընդհանարացնելն ու հոգնակի թվով ներկայացնելը պատիվ չի բերում», - ասաց նա։
Ալեն Սիմոնյանը ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում, շնորհակալություն հայտնում, որ պահպանում են մյուս քաղաքացիների իրավունքները ու թույլ չեն տալիս «փոքր միջոցառումները» խանգարեն մյուս քաղաքացիներին։
ԱԺ նախագահն ասաց, թե ընդդիմության հանրահավաքի հենց առաջին օրը մեր սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցներ։
«Հետևությունները թողնում եմ ձեզ, գրեթե միշտ մեր ընդդիմության գործողությունները համընկնում են կամ ամենակարևոր այցերի հետ, կամ համընկնում են սահմանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է», - ասաց նա։
Ալեն Սինոնյանի խոսքով՝ ընդդիմադիրների միտինգները գնալով ավելի սակավաթիվ են դառնում։