ՌԴ-ին քննադատած ռուս բանկիրին ստիպել են «գրոշներով» վաճառել իր իսկ հիմնադրած բանկի մասնաբաժինը

 Ռուսական «Տինկոֆ Բանկ»-ի հիմնադիր Օլեգ Տինկովը The New York Times-ին (NYT) տված հարցազրույցում ասել է, որ իրեն ստիպել են բանկում իր մասնաբաժինը վաճառել «գրոշների դիմաց»։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության վերաբերյալ իր հրապարակային քննադատությունից հետո։

Մայիսի 1-ին Տինկովը հեռախոսով հարցազրույց է տվել NYT-ին՝ հրաժարվելով հայտնել իր գտնվելու վայրը։ Ապրիլի 19-ին նա հրապարակել էր գրառում, որտեղ նշում էր, որ ռուսաստանցիների 90%-ը չի աջակցում ռազմական գործողությանը։ Ապրիլի 20-ին, ըստ գործարարի, Կրեմլի ներկայացուցիչները կապվել են «Տինկոֆ Բանկ»-ի ղեկավարության հետ և սպառնացել պետականացնել այն, եթե բանկը «չխզի կապերը» Տինկովի հետ։ Ապրիլի 22-ին «Տինկոֆ»-ը հայտարարել է ռեբրենդինգի մասին։

Օլեգ Տինկովն ասել է, որ բանկում իր մասնաբաժինը «հուսահատությունից դրդված» է վաճառել։ Նա չի հրապարակել գործարքի արժեքը, սակայն մանրամասնել է, որ ստացել է բաժնետոմսի իրական արժեքի 3%-ը։

«Ես չէի կարող սակարկել գինը: Դու նման ես պատանդի՝ վերցնում ես այն, ինչ քեզ առաջարկվում է: Չէի կարող սակարկել»,- ասել է գործարարը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր բաժնեմասը գնած Վլադիմիր Պոտանինին, որը  «թույլ է տվել իրեն գոնե որոշ գումար ստանալ» բանկի վաճառքից։

Տինկովն ասել է, որ ռուսաստանցի շատ գործարարներ և «էլիտայի» ներկայացուցիչներ մասնավոր կերպով իրեն ասել են, որ համաձայն են Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման հետ, բայց «բոլորը վախենում են» արտահայտել այդ տեսակետը։ Նա ասել է նաև, որ թիկնապահներ է վարձել այն բանից հետո, երբ իր ընկերները, «որոնք կապեր ունեն ռուսական հատուկ ծառայություններում», գործարարին ասել են, որ «պետք է վախենա իր կյանքի համար»։

 

Հիշեցնենք, որ Տինկովը մեկնաբանել է ուկրաինական պատերազմը և ասել, որ չի տեսնում այս «խելահեղ պատերազմը»  գոնե մեկ շահառուի, քանի որ անմեղ մարդիկ ու զինվորներ են զոհվում։ Նա նշել է նաև, որ ռուսական բանակի որակը այն չէ, ինչ ակնկալում էին ուժային կառույցների ղեկավարները։ Բանկիրը Instagram-ի իր հաշվում մասնավորապես գրել է.

 

«Գեներալները, արթնանալով խումհարից, հասկացան, որ իրենց բանակը խայտառակ վիճակում է: Իսկ որտե՞ղից լավ  բանակ, եթե երկրում մնացած բոլոր ոլորտներում ամեն ինչ խեղճացած է, թաթախված ստրկամտության մեջ: Կրեմլի պաշտոնյաները ցնցված են, որ ոչ միայն նրանք, այլ նաև իրենց  երեխաները ամռանը Միջերկրական ծով գնալ չեն կարողանա։ Գործարարները երկրում  փորձում են փրկել իրենց մնացած ունեցվածքը։ Իհարկե, կան հիմարներ, որոնք նկարում են Z նշանը, բայց հիմարները ցանկացած երկրում 10% են կազմում։ Ռուսաստանցիների 90%-ը դեմ է այս պատերազմին»,- գրել  Տինկովը։

 

 

Քաղաքականություն