«Գերասիմ Վարդանյանին փորձում են մեկուսացնել, նա ԱԱԾ-ում է». Վարդանյանը` պատգամավորի օգնականի ձերբակալման մասին

 «Իրեն փորձում են մեկուսացնել: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ,  Գերասիմ Վարդանյանի՝ այսօր բերման ենթարկելու եւ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2020թ նոյեմբերին հարուցված քրեական գործով ձերբակալվելու փաստին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: 

 

Լրատվականը հետաքրքրվել է՝ այն, որ հիմա են որոշել Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան՝ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատճառով, այս փաստը կապ ունի՞ վերջին օրերի զանգվածային բողոքի գործողություններին Գերասիմ Վարդանյանի առնչության հետ, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Այստեղ բանական մարդու համար երկու կարծիք լինել չի կարող, որովհետև 2020-ի նոյեմբերի դեպքերից անցել է շուրջ երկու տարի: Շատ հետաքրքիր է՝ որևէ մեկը կարո՞ղ է տրամաբանական պատասխան տալ, թե ինչու ոստիկանությունը հենց հիմա, երբ Երևանում և ամբողջ ՀՀ-ում թափ են առնում զանգվածային բողոքի գործողությունները, որոշում է ձերբակալել այն մարդկանց, որոնք այդ բողոքի գործողությունների առաջին գծում են, կազմակերպում են, ակտիվ մասնակցում: Ինչպես ասում են՝ համընկնումներ չեն լինում: Գիտակից մարդու համար պարզ է, որ սրանք ճղճիմ հերթական փորձերն են ամեն կերպ զսպելու մարդկանց արդար զայրույթը»:

 

Քրիստինե Վարդանյանը նկատեց՝ եթե տեղի է ունեցել որևէ օրենքի խախտում, պարզ տրամաբանական հարց է՝ ինչո՞ւ է հենց հիմա մարդը ձերբակալվում նոյեմբերի 9-10-ին տեղի ունեցած ինչ-որ գործով: 

 

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը փորձել էին ներխուժել «Ազատության» գրասենյակ, հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Ըստ «Ազատության»՝ նրանք ասում էին։ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու»: Գրասենյակ ներխուժել փորձողների մեջ էր նաև ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը։ 

Քաղաքականություն