ԱՄՆ-ի խնդիրն Ուկրաինայում Ռուսաստանի «ռազմավարական ձախողումն է». Պենտագոնի ներկայացուցիչ

ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի շրջանակներում Սպիտակ տան խնդիրն է ապահովել ռուսական ուժերի ռազմական, քաղաքական և տնտեսական ձախողումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

 

«Ռուսաստանի, ինչպես նաև եվրոպական անվտանգության, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ կապված ԱՄՆ կառավարության խնդիրն այն է, որ Ռուսաստանի համար այս ճգնաժամն ավարտվի ռազմավարական ձախողմամբ», - ասել է նա։ 

 

Վոլանդերը հավելել է, որ ժամանակի ընթացքում կիրառվող պատժամիջոցներն ավելի ու ավելի մեծ վնաս կհասցնեն Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներին, այդ թվում՝ ռազմարդյունաբերական հատվածին։ Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ արևմտյան երկրները ջանքեր կգործադրեն «ռուսական ղեկավարությանը» պատասխանատվության ենթարկելու ինչպես Ռուսաստանի բնակչության, այնպես էլ այլ երկրների առաջ։ 

 

Վերջինս, ըստ նրա, կարևոր է, քանի որ աշխարհը հետևում է, թե «կհաջողի՞ Ռուսաստանի Դաշնությունը»:

Քաղաքականություն