
Հիասթափություն և ափսոսանք ապրեցի Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից. Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Հիասթափություն և ափսոսանք ապրեցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից:
Ոչ մի բառ Հայաստանի մասին, հայոց պետականության առջև կանգնած սպառնալիքներն և անվտանգային մարտահրավերները միասնաբար հաղթահարելու պատրաստակամության և հանձնառության մասին:
Հայոց ցեղասպանությունը հիշելը, այն ճանաչելն այլևս հարյուրամյա վաղեմության, անցյալի մասին չէ, ցեղասպանության ճանաչումը, հիշատակումն այսօրվա մասին է, այսօրվա մարտահրավերներին արժանիորեն և համարժեք պատասխանելու, դրա կրկնությունը բացառելու համար անհրաժեշտ մեխանիզմներ ու անվտանգության հովանոց ստեղծելու մասին է:
Ցեղասպանության ճանաչումը խոսքից գործի անցնելու՝ Հայաստանի պետականությունը մրցունակ, ամուր, կայացած ինստիտուտներով, մարտունակ և տեխնոլոգիապես հագեցած զինված ուժեր և սպառազինություն ունենալն է:
Հայոց ցեղասպանության ճանաչումը հզոր Հայաստանի՝ անխտիր բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է:
Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս հայ ժողովրդի մասին չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի պետականության հարատևության համար անհրաժեշտ կարողություններ ստեղծելու մասին է:
Հայոց ցեղասպանության ճանաչումն այսուհետ Հայաստանի պետականության հավերժության սրբազան գաղափարին ավելի մերձեցնող համայն հայությունն է, մեզ բոլորիս մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության զարգացումն ու առաջընթացը անշրջելի դարձնող իրողությունների վրա կենտրոնացումն է:
Դատապարտելի է, երբ պետականության երեսուներորդ տարում թույլ ենք տալիս, որ մեր ցավի և վշտի մասին խոսեն, ինչպես սովորաբար խոսում են պետականազուրկ ժողովուրդների մասին:
Չկա՛ հայ ժողովուրդ առանց Հայաստան: Ճանաչեք հարյուրամյա վաղեմության հայոց ցեղասպանությունը՝ գործնականում աջակցելով, որ այսօր, ԱՅՍՕՐ Հայ ժողովուրդն իր բնօրրան հայրենիքում անվտանգ հարատևի՝ սեփական պետականությունն ամրացնելով ներսից և դրսից, տեխնոլոգիական առաջընթաց ապահովող մեխանիզմներով և գործիքներով:
Հայաստանը համայն հայության գոյությունը իմաստավորող միակ միջոցն է: Ցավալու, սգալու, ճանաչելու ժամանակը չէ՝ պետք է աշխատել, աշխատել և օրնիբուն աշխատել՝ Հայաստանն առավել անվտանգ, բարեկեցիկ և ինքնադրսևորվման համար լավագույն միջավայրը դարձնելու համար»: