
«Ինքն է մեղավոր մեր ունեցած 5000 զոհի համար»․ Ազգալդյանի արձանը պղծող քաղաքացին մեկնաբանել է իր արարքը

Ապրիլի 14-ին տարածվեցին լուրեր, որ անհայտ անձը պղծել է Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը՝ ինչ-որ մեկը վնասել էր հերոսի դեմքը։
Hraparak.am-ը գրում է, որ այսօր իրենց խմբագրություն էր այցելել արձանը պղծող քաղաքացին, որը հաճախ է այցելում «Հրապարակի» խմբագրություն եւ գրեթե մշտապես բողոքում է իրավապահների գործողություններից, որ իր դիմումներին ընթացք չեն տալիս, քրեական գործեր չեն հարուցում, չեն պատժում քննիչներին եւ ոստիկաններին։ Այս անգամ եւս եկել էր բողոքելու ոստիկանների գործողություններից, որոնք «իրեն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին, 3 օր պահել կապեզեում», իրեն ծեծի են ենթարկել Կենտրոնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները, և հիմա բողոքում է՝ ոստիկանությունից իրեն չեն տրամադրում դատաբժշկի ուղեգիր եւ քրեական գործ չեն հարուցում։
Լրատվականը հետաքրքրվել է, թե ինչու են բերման ենթարկել։ Սկզբում նա հրաժարվում էր ասել, թե ինչն է եղել բերման ենթարկելու պատճառը․
«Չեմ ուզում ասել»։
Իսկ երբ ասել են, որ մինչեւ չիմանան բերման ենթարկելու պատճառը, չեն կարող հրապարակում անել, խոստովանեց.
«Ես եմ վնասել Ազգալդյանի արձանը»։
Պարզվեց՝ 3 օր նրան պահել են մեկուսարանում, եւ միայն երեկ է դուրս եկել բաժնից։ Լրատվականի հարցին, թե ինչու է գնացել նման քայլի, պատասխանեց․
«Ես Լեոնիդ Ազգալդյանի քիթն եմ ջարդել, որովհետև նա ազգի դավաճան է, դրա համար էլ նրան սպանել են։ Որ ինքն ու իր նմանները քիթը չխոթեին էստեղ-էնտեղ, սենց պատերազմ չէր լինի։ Ինքն է մեղավոր 2020 թվականի մեր ունեցած 5000 զոհի համար։ Նա ազգի, հայրենիքի դավաճան ա եղել, դրա համար էլ սպանել են իրեն, գիտե՞ք ով է սպանել դրան՝ իրա ընկերները»։
Քննչական կոմիտեից լրատվականին հայտնեցին, որ Երևանի 58-ամյա բնակիչ Կարեն Խաչատրյանն ազատ է արձակվել, քանի որ նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, գործը գտնվում է նախաքննության շրջանում։