Սահմանային անվտանգություն ասելով՝ նախևառաջ, պետք է նկատի ունենալ մարդու իրավունքների կենսագործման լիարժեք ապահովող միջավայրը. ՄԻՊ

Սահմանային անվտանգություն ասելով՝ նախևառաջ պետք է նկատի ունենալ մարդու իրավունքների կենսագործման լիարժեք ապահովող միջավայրը: Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմը:

 

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։
 

«Դեսպան Սխերմերսի առաջարկով Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները։ Մասնավորապես՝  մարդու իրավունքներով պայմանավորված անվտանգային միջավայրի խնդիրները՝ ընդգծելով, որ սահմանային անվտանգություն ասելով՝ նախևառաջ, պետք է նկատի ունենալ մարդու իրավունքների կենսագործման լիարժեք ապահովող միջավայրը։
 

Հաջորդիվ, Քրիստիննե Գրիգորյանը դեսպան Սխերմերսին ներկայացրել է հետպատերազմական խնդիրներով պայամանավորված՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների առաջնահերթ խնդիրները։ Անդրադարձել է խտրականության բոլոր ձևերի արգելքի և ընտանիքում բռնության կանխարգելման, ինչպես նաև ատելության խոսքի բացառման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներգրավմամբ արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը։
 

Պաշտպանն ընդգծել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների առաջնահերթությունը՝ դիտարկելով նրանց, որպես հանրային կյանքին իրենց ավանդը բերելու կարող ուժեր։
 

Ներկայացված առաջնահերթությունների ուղղությամբ դեսպանը ներկայացրել է ատելության խոսքի բացառման ուղղությամբ բազմակուսակցական ժողովրդավարության միջոցների կիրառման նիդեռլանդական փորձը, և համագործակցության հնարավոր ուղղությունների շրջանակում փորձագետների ներգրավմամբ նախանշված խնդիրները վերհանելու և ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել»,- նշվում է հաղորդագրությունում։

Քաղաքականություն