ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը «չի կարող մնալ իշխանության ղեկին»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր բոցաշունչ ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարող մնալ իշխանության ղեկին»՝ կոչ անելով աշխարհի դեմոկրատական երկրներին միավորվել Ուկրաինային աջակցելու համար, թեեւ Սպիտակ տունն ավելի ուշ հայտարարել է, որ Բայդենը Մոսկվայում ռեժիմը փոխելու կոչ չի արել, հայտնում է Reuters-ը:
«Ի սեր Աստծո, այս մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին»,- ասել է Բայդենը Վարշավայում իր ելույթի ժամանակ հավաքվածներին։
Բայդենը նաեւ ասել է, որ Արեւմուտքը միասնական է ռուսական «ներխուժման» դեմ՝ միաժամանակ նշելով, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական անվտանգության դաշինք է, որը երբեք չի ձգտել Ռուսաստանի տապալմանը։
Սպիտակ տան ներկայացուցիչը, սակայն, ասել է, որ այս արտահայտությունները չեն նշանակում Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն, որը չի ձգտում Ռուսաստանում ռեժիմի փոփոխության։
«Նախագահն ասել է, որ Պուտինին չի կարելի թույլ տալ իշխանություն գործադրել իր հարեւանների կամ տարածաշրջանի վրա»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ «Նա չի քննարկել Ռուսաստանում Պուտինի իշխանությունը կամ ռեժիմի փոփոխությունը».
Նույն օրը, ավելի վաղ, Վարշավայում ուկրաինացի փախստականներին այցելելուց հետո Բայդենը Պուտինին նաեւ «մսավաճառ» էր անվանել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել 140 ռուս օլիգարխների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ՝ «որոնելով նրանց ապօրինի եկամուտները, զբոսանավերը, նրանց շքեղ բնակարանները, առանձնատները», ինչպես նաեւ Ռուսաստանի ավելի քան 400 պետական պաշտոնյաների, այդ թվում՝ այս պատերազմի առանցքային ճարտարապետների դեմ»,- հայտնում է The First News-ը:
«Այս պաշտոնյաները եւ բոլոր թիկնապահները հսկայական օգուտ են քաղել Կրեմլի հետ կապված կոռուպցիայից: Հիմա էլ նույն կերպ պետք է կիսեն այն ցավը, որն ապրում է մասնավոր հատվածը»,- ասել է նա։
Բայդենը նաեւ նշել է, որ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները «խաթարում են Ռուսաստանի ուժը, զինվորականներին փոխարինելու նրա կարողությունը, հզորություն նախագծելու կարողությունը»:
«Մինչ այս ներխուժումը ռուսական տնտեսությունը 11-րդ տեղն էր զբաղեցնում աշխարհում։ Շուտով այն նույնիսկ աշխարհի քսան ամենամեծերի մեջ չի լինի»,- ամփոփել է նա։