Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանը հացահատիկի խնդիր չի՞ ունենա. Sputnik Արմենիա

Հայաստանը Ռուսաստանից հացահատիկի արտահանման ժամանակավոր արգելքի ֆոնին հացահատիկային մշակաբույսերի դեֆիցիտի չի բախվի։ Հանրապետությունն ապահովված է հացահատիկի անհրաժեշտ ծավալով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
 

Ավելի վաղ ՌԴ-ում հավանություն էին տվել գյուղատնտեսության նախարարության առաջարկին՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ժամանակավորապես արգելել հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ: Այս արգելքը գործելու է ցորենի և մեսլինի (ցորենի ու տարեկանի խառնուրդ` սովորաբար երկուսը մեկի համամասնությամբ), տարեկանի, գարու և եգիպտացորենի համար։

 

Նախարարությունից նշեցին, որ այս հարցը գտնվում է ՀՀ կառավարության և մասնավորապես էկոնոմիկայի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում, պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ խոշոր ներկրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով:
 

«Ըստ մեր գնահատականների` Ռուսաստանի կողմից կիրառվող հացահատիկային մշակաբույսերի ժամանակավոր արգելքը հայաստանյան շուկայի վրա զգալի ազդեցություն չի ունենա», - կարծում են էկոնոմիկայի նախարարությունում։
 

Միաժամանակ նրանք նշել են, որ հայ ներմուծողների խնդիրները հիմնականում կապված են Լարսի անցակետի փակվելու (եղանակային պայմաններով պայմանավորված) և այդ պատճառով առաջացող բեռնատարների կուտակումների հետ։ Բնականաբար, այդ ուշացումներն ազդում են հացահատկի ներկրման ժամկետների վրա։
 

Բացի այդ, խնդիրները պայմանավորված են ՌԴ արտարժույթի կտրուկ արժեզրկմամբ։ Մատակարարները գների մասով զգուշավոր են, դրա պատճառով կարող է սահմանափակվել ձեռք բերվող ապրանքների ընտրության շրջանակը:
 

«Հաշվի առնելով ընթացիկ տարվա սկզբից ներմուծված ծավալները և առկա մնացորդները, հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի մասով այսօրվա դրությամբ դեֆիցիտ չկա և առաջիկայում ևս չի սպասվում», - նշել են նախարարությունում:

 

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ցորենի տարեկան պահանջարկը կազմում է 450 հազար տոննա։ Այն ներկրվում է հիմնականում Ռուսաստանից (99%-ը), մնացածը՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից։

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն