Ադրբեջանցիները առա՞ջ են եկել Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ

«Ադրբեջանցի զինվորականները առաջխաղացում են ունեցել Կապան խոշորացված համայնքի  Ներքին Հանդ գյուղի շրջակայքում։ Այս մասին Tert.am–ին հայտնել է Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

 

«Մոտ 10 օր առաջ են եկել, գյուղի գերեզմանոցից մոտ 1 կմ հեռավորության վրա վրաններ են խփել և արդեն քանի օր է այնտեղ են գտնվում։ Ներկա պահին 5 վրաններ կան տեղակայված»,– ասել է Բաղդասարյանը։

 

«Գյուղի ջրի աղբյուրը գտնվում է այդ հատվածում և իրենց մոտից դիտարկվում են թե՛ գյուղի գերեզմանոցը, թե՛ ջրի աղբյուրը։  Գյուղացիները թեև կարողանում են մոտ գնալ այդ հատվածներին, բայց վտանգավոր է։ Ճիշտ է` կրակոցներ կամ սադրանքեր չեն եղել, բայց ամեն դեպքում մոտ են գտնվում գյուղին»,– ընդծել է վարչական շրջանի ղեկավարը։

 

Վերջինս նշել է, որ դեպքի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին, բայց առայժմ ոչ մի փոփոխություն չկա և տեղյակ չէ՝ ինչ են պամանավորվել։

Հարցին՝ որքան հեռավորության վրա են այս պահին ադրբեջանցիները գտնվում Ներքին Հանդ գյուղից, Խաչատուր Բաղդասարյանը՝ նշել է՝ մոտ 1․5 կմ։

 

Թարմացված

 

Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերը։  

 Գերատեսչությունից հավելեցին՝ նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։  

 «Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող։ Ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև՝ մշտադիտարկում ադրբեջանական ԶՈՒ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը»,- նշեցին ՊՆ-ից։   

 Պաշտպանության գերատեսչությունից ևս մեկ անգամ հորդորեցին սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություն տարածելիս առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ։

Քաղաքականություն