Մենք չենք հանձնվի և չենք պարտվի․ ամեն գնով պաշտպանելու ենք Ուկրաինան․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ուկրաինացիների պատրաստակամության մասին՝ պայքարելու իրենց երկրի համար մինչև վերջ։ Այս մասին գրում է news.liga.net-ը։
«Մենք չենք հանձնվի և չենք պարտվի, գնալու ենք մինչև վերջ՝ կռվելու ենք ծովերում, կռվելու ենք օդում։ Պաշտպանեք մեր հողը, ինչ գնով էլ լինի: Մենք կպայքարենք անտառներում, դաշտերում, քաղաքներում և գյուղերում, ափերին և բլուրներին, Կալմիուսի և Դնեպրի ափերին, և մենք չենք հանձնվի»,- ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։
Ուկրաինայի ղեկավարը Ռուսաստանի դեմ իր երկրի պատերազմը համեմատել է «Մեծ Բրիտանիայի ջանքերի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմում»։
«Առաջին օրը առավոտյան ժամը 4-ին թեւավոր հրթիռներ թռան մեր ուղղությամբ։ Այսպիսով, բոլորը արթնացան: Մենք բոլորս ոտքի կանգնեցինք՝ դառնալով մեծ բանակ»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին Ուկրաինային աջակցելու համար և խնդրել է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա պատժամիջոցների միջոցով։ Ուկրաինայի առաջնորդը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Ռուսաստանը որպես «ահաբեկչական պետություն»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնն ընդգծել է, որ Լոնդոնը կկիրառի Մոսկվայի վրա ճնշում գործադրելու բոլոր դիվանագիտական, հումանիտար և տնտեսական մեթոդները, մինչև Ռուսաստանը չդադարեցնի իր ռազմական գործողությունն Ուկրաինայում, և «Ուկրաինան նորից ազատ դառնա»։






























