
Հայաստանի և Ադրբեջանի ունեցած պատկերացումները համարժեք են․ մենք գնում ենք խաղաղության․ Քոչարյան

Խաղաղության դարաշրջանի վերաբերյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի ունեցած պատկերացումները համարժեք են։ Մենք գնում ենք խաղաղության: Խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Անդրադառնալով Արցախի սահմանին հակառակորդի վերջին սադրանքներին՝ Քոչարյանը հայտարարեց, որ ամեն դեպք պետք է ուսումնասիրվի և մեղավորները պետք է պատժվեն, անկախ նրանից՝ մենք ունենք մեր մեղքի բաժինը, թե՝ հակառակորդը.
«Արցախում մարտի 7–ի գիշերը և մարտի 8–ին ականանետային կրակոցներ են եղել, որոնց վերաբերյալ տրվել է պաշտոնական հաղորդագրություն, դրանից ավել որևէ գործողություն չի եղել, վիրավորներ, զոհեր չունենք, իսկ Լիսագորի հատվածում վնասվել է գազատարը»,-ասաց Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանն օգտվում է առիթից, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է և փորձում է Արցախի հատվածում դժվարություններ առաջացնել.
«Քանի որ հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորը Ռուսաստանն է, որը մեկ այլ վայրում գտնվում է ռազմական գործողությունների ակտիվ փուլում, գուցե հակառակորդը, դրանից օգտվելով, որոշ դժվարություններ է փորձում առաջացնել արցախյան հատվածում։ Ամենայն հավանականությամբ այդ խնդիրները ՌԴ–ի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները»,– ասաց Անդրանիկ Քոչարյանը։