
Թաղավարդում մահացածներին հուղարկավորում են հարևան համայնքներում․ ո՞րն է պատճառը

Ռուդիկ Բադասյանը այն թաղավարդցիներից է, ում տունը մնացել է գյուղի՝ թշնամու վեահսկողության տակ անցած մասում։ Հիմա գյուղի մյուս ծայրից տեսնում է իր տունը, որին անգամ մոտենալու հնարավորություն չունի։
«Անգամ գերեզմանոց չենք կարողանում գնալ։ 2020թ․ նոյեմբերից հետո գյուղում, ով մահացել է, հարևան գյուղում՝ Կարմիր շուկայում ենք հուղարկավորել։ Ծնողներիս, եղբորս գերեզմանին մեկ տարի չորս ամիս է՝ չեմ կարողանում գնալ»,- «Փաստինֆո»-ին պատմում է Ռուդիկ Բադասյանը։
Գյուղի գերեզմանոցը տեսանելի է այն տնից, որտեղ հիմա ժամանակավոր մնում են Բադասյանները։
«Թշնամին այս տնից 200-300 մետր հեռավորության վրա է դիրքավորված։ Որ դուրս եմ գալիս բակ, իրենց ուղիղ նշանառության տակ եմ հայտնվում․ ինչ ուզեն, կարող են անել»,-ասում է Բադասյանը։
Գերեզմանոցը ադրբեջանցի զինծառայողներն անմիջապես են պղծել։ Բադասյանն ասում է՝ արցախյան առաջին պատերազմի բոլոր 40 զոհերի գերեզմանաքարերը ջարդել են․
«44-օրյա պատերազմի զոհերից հինգ հոգու գյուղում էին հուղարկավորել։ Երբ գյուղը կիսվեց, մի կերպ կարողացան արտաշիրիմել և տղաներին տեղափոխել Եռաբլուր։ Եթե դա չանեին, անկասկած, նրանց շիրիմներն էլ ադրբեջանցիները կպղծեին»։
Մեր զրուցակիցը ցավով նկատում է՝ աչքիս առաջ է, բայց հնարավորություն չկա, որ 800 մետր անցնեմ , հասնեմ գերեզմանոց, իսկ ադրբեջանցիները երեք հայկական բնակավայրի միջով անցնում Ջրականից հասնում էին Շուշի․
«Մինչև էս վերջերս ադրբեջանական շարասյունը Շուշի էր գնում Կարմիր Շուկայով, Սարուշենով, Շոշով, իսկ այդ ժամանակ մենք մեր հարազատների գերեզմաններին գնալու հնարավորություն չունեինք»,-ասում է Բադասյանը։
Արցախի զգալի մասը բռնազավթած Ադրբեջանի ցեղասպան ու մշակութասպան էությունը թաղավարդցիները սեփական աչքով են տեսել։ Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին Թաղավարդում բացված Փառքի թանգարանն ադրբեջանցիները գյուղի մի հատվածի օկուպացման առաջին իսկ օրը կրակի են մատնել։
«Գյուղի 12-ամյա դպրոցն էլ, բուժկետն էլ, կապի բաժանմունքն էլ, Փառքի թանգարանն էլ գյուղի՝ ադրբեջանցիների բռնազավթված հատվածում է։ Առաջին իսկ օրը վառել են թանգարանը․ տեսնում էինք մենք, թե ոնց են վառում․․․»,-պատմում է Բադասյանը։
Բացի այդ, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով շուրջ 600 թաղավարդցու տուն ևս մնացել է թշնամական կողմում։ Անտուն մնացած թաղավարդցիների մի մասը գյուղի հայկական հատվածում է հաստատվել։ Ազատ բնակֆոնդից տրամադրվել է նաև Հադրութի շրջանից տարհանված երեք ընտանիքի։
Գյուղին խմելու ջրով ապահովող արտեզյան ջրավազանը չեզոք գոտում է գտնվում․ առանց խաղաղապահների, հնարավոր չէ որևէ խնդրի դեպքում մոտենալ տարածքին։ Ինչպես Բադասյանն է ասում, գյուղատնտեսական մեքենա աշխատելու դեպքում էլ, անկախ թե գյուղի որ հատվածում է, խաղաղապահների ներկայությունը պարտադիր է։ Գարնանացանի աշխատանքները Թաղավարդում սկսվել են, բայց ծավալն ու տեմպն անհամեմատ փոքր են։ Այդուհանդերձ, ով ունի հող, անպայման փորձում է մշակել, վստահեցնում է Բադասյանը։