
Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ կկալանավորի Արայիկ Հարությունյանին

Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է այդ երկրի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմեթ Ավազովը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ, իբր, քրեական գործ է հարուցվել «Հայրենիքի դավաճանության» համար։ Թշնամի երկիրը այդպես է որակել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված արգեսիան դիմակայելուն ուղղված Արցախի նախագահի գործողությունները։
«Արայիկ Հարությունյանը, որը ներկայանում է այսպես կոչված «Լեղնային Ղարաբաղի» առաջնորդ, պատասխանատվության կենթարկվի հատուկ ծառայությունների օպերատիվ և հետախուզական գերատեսչությունների կողմից։ Նա մեղադրվում է 2020 թվականին Գյանջայի խաղաղ բնակիչների հանդեպ իրականացրած 4 ահաբեկչությունների մեջ, ինչի արդյունքում մահացել է 26, վիրավորվել՝ 175 խաղաղ բնակիչ», - այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։