Հրապարակվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը Ռուսաստանի առաջարկներին. Pais

 Իսպանական Pais թերթը պնդում է, որ իր ձեռքում է հայտնվել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։

Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, համապատասխան ֆայլը հրապարակվել է թերթի առցանց տարբերակում՝ «Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի առաջարկած համաձայնագրին ի պատասխան ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի տրամադրած փաստաթղթերը» վերնագրով։ 

Ներկայացված նյութերում ասվում է, որ Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել հետևյալ հարցերը.

- Ռումինիայում և Լեհաստանում Tomahawk թևավոր հրթիռներ չտեղակայելու մեխանիզմ

- Ուկրաինայում հարձակողական հրթիռային համակարգերի և ուժերի տեղակայումը սահմանափակելու փոխադարձ պարտավորություններ

- այլընտրանքային START-3 (պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և   սահմանափակման միջոցառումների մասին) համաձայնագիր, որը վերաբերում է նաև միջուկային   զենքի նոր տեսակներին, ինչպես նաև միջին և փոքր հեռահարության հրթիռների վերահսկմանը

- ծովում և օդում միջադեպերը կանխելու լրացուցիչ միջոցներ:

Նշվում է, որ Արևմուտքը նաև ընդգծել է, որ ձեռնպահ է մնում Արևելյան Եվրոպայում միջուկային զենք տեղակայելուց:

Ընդհանուր առմամբ, ամերիկյան կողմը և Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ են քննարկել Ռուսաստանի հետ անվտանգության փաստաթղթի ստորագրումը։ Միաժամանակ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ առճակատում չի ցանկանում, բայց իր համար սկզբունքային հարցերում զիջումների չի գնա։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։

Քաղաքականություն