Դատավորը 28 ամյա ցածրահասակ քաղաքացուն՝ «Էդ փոքրը հլը թող կանգնի․․․». ինչ է կատարվում մարզերի դատարաններում

 «Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնում եմ մարզերի դատարաններ ու տեսնում․

 

Տավուշ - I-QOSS-ը ձեռքին, առանց պատմուճանի դատավորը գալիս է նիստերի դահլիճ, որ տեսնի, թե էդ ով է համարձակվել գալ իր նիստին․․․ Մեզ չէին սպասում։

 

Կոտայք - Դատավորը, իմանալով, որ դիտորդներ են եկել, կարգադրիչի միջոցով փոխանցում է, թե «ի՞նչ կարիք կա, որ մտնեք դահլիճ, հեսա վերջացնում ենք»։ Կարծես հացի սեղան էինք փռելու, ինքն էլ ասում է՝ ի՞նչ կարիք կա, մի հատ կոֆե կխմենք, կգնանք էլի․․․

 

Արմավիր - Դատավորը դահլիճում նստած ցածրահասակ քաղաքացուն նկատի ունենալով ասում է՝ «Էդ փոքրը հլը թող կանգնի․․․»։ Էդ «փոքրը», ինչպես պարզվեց, 28 տարեկան էր։

 

Արմավիր - Դատավորը ձայնին մուննաթային հնչերանգ տալով պնդում է, թե նիստին ներկա լինելու և գրառումներ անելու համար պիտի կողմերի թույլտվությունը հարցնել։ Երբ օրենքն եմ ցիտում ու պնդում, որ նման պահանջ օրենքով չկա, և նա ՊԵՏՔ Է ՈՐ Ի ՊԱՇՏՈՆԵ ԻՄԱՆԱՐ ԱՅԴ ՄԱՍԻՆ, դատավորին ոչինչ չի մնում անել, քան լռելը․․․

 

Սյունիք - Դատավորը լրագրողին ստիպում է նախքան նիստը ԳՐԱՎՈՐ դիմում գրել իրեն, որպեսզի թույլ տա նիստերին մասնակցել ու նկարահանումներ անել։ Այլ կերպ ասած՝ թքած ԲԴԽ կանոնների վրա, որոնք հստակեցնում են, թե լրագրողն ինչպես պիտի դիմի դատարանին՝ ֆոտո և տեսանկարահանման համար։

 

Մի խոսքով, մարզերում դեռ սովոր չեն տեսնել լրագրողի դիտորդի նիստերի դահլիճում։ Հնարավորինս շատ պիտի գնալ մարզերի դատարաններ, որ աչքերը սովորի, հիմարություններ չասեն/չանեն։

Իմ փորձով եմ համոզվել, որ երբ քեզ համեստ ես պահում, դատավորները փորձում են ինքնահաստատվել, կարող են ձայն բարձրացնել, ավելորդ ու հիմար մտքեր ասել։ Մեկ անգամ կուլտուրական, բայց խիստ վստահ տոնով պորտատեղադրում ես անում (եթե, իհարկե, օրենքով դու ես ճիշտ), այլևս երբեք չեն փորձում քեզ անհանգստացնել:

 

Այնպես որ մի վախեցեք, մտեք դատարաններ ու դիտարկեք նրանց աշխատանքն ուշադրությամբ»։

Քաղաքականություն