
Սերբիայում ազատ է արձակվել «Հյուսիս-հարավ»-ի գործով ձերբակալված սերբ դիվանագետը

Սերբիայում ազատ է արձակվել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի նախկին տեղակալ Միլե Միլենկովսկին։ Այս մասին հայտնում է Telma հեռուստաալիքը:
Ըստ լրատվամիջոցի՝ նախկին դիվանագետն ազատ է արձակվել շաբաթ օրը, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր։ Վերջինս բանտում անցկացրել է 5 ամիս:
Սերբիայի վերաքննիչ դատարանը բավարարել է կալանավորման որոշման դեմ Միլենկովսկու բողոքը` միաժամանակ մերժելով Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացրած արտահանձնման պահանջը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերբիայի իրավապահ մարմինները Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնված միջազգային օրդերի հիման վրա ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն:
Ձերբակալությունը տեղի է ունեցել դեռ օգոստոսի 27-ին, երբ Միլենկովսկին Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մտնելու համար, փորձում էր հատել «Պրշևո» սահմանային անցակետը։ Սակայն միայն սեպտեմբերի 3-ին է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել այդ լուրը։
Ավելի ուշ ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացին ձերբակալվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ին առնչվող քրեական գործի շրջանակներում։ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացին Հայաստանից դուրս է բերել Հյուսիսային Մակեդոնիայի մեկ այլ քաղաքացու, որը ևս անցնում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ին առնչվող քրեական գործով։