Օրվա լրահոս

2021թ օգոստոսին մարտական հենակետում երեք հայ զինծառայողի աղմկահարույց սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով խայտառակ քննություն է իրականացվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։

Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ ՔԿ-ն օգոստոսի 23-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Նախաքննության մոտ կանգնած մեր աղբյուրները դեռևս այդ ժամանակ հայտնել էին, որ սեռական բռնություն գործադրվել է այն զինվորի նկատմամբ, որը կալանավորվել էր երեք համածառայակցի սպանության մեղադրանքով։ Նկատենք, որ սպանության մեջ մեղադրվող զինվորը բանակ էր զորակոչվել անցած տարվա՝ փետրվարին, այսինքն՝ ընդամենը մի քանի ամսվա զինծառայող էր։ Այս պահի դրությամբ մեղադրյալի կարգավիճակում են միայն դիրքի արդեն նախկին ավագը և վերջիններիս համածառայակիցը, որոնք կալանավորված են։

Սպանված զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանի գնահատմամբ՝ գործով խայտառակ քննություն է կատարվում։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի 14-ին այցելել է մարտական հենակետ, որտեղ պարզել է, որ վագոն-տնակի մուտքի դռան կնիքը վնասված է, դուռը փաստացի բաց էր, մինչդեռ, քննիչն ասում էր, որ դեռևս քննչական գործողություններ են նախատեսվում, չեն կարող գնալ։

Ավելին, փաստաբանը պարզել է, որ մարդ է ելումուտ արել, այդ մասին գրություն է ուղարկել քննչական բաժնի ղեկավարին՝ պահանջելով պարզել և տրամադրել տեղեկատվություն, սակայն մինչ օրս դեռևս «չեն պարզել»։

«Ըստ տուժող կողմին տրամադրված նյութերի՝ դիվերսիոն ներթափանցում է եղել, որի մասին մի քանի անգամ ահազանգել են, սկզբում մեկ վիրավոր մասին, ապա՝ 2 մահացածի ու մեկ վիրավորի, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը ինչ֊ինչ անհիմն հայտարարություններ է անում իբր թմրանյութ օգտագործած լինելու մասին։

Վերջերս ստացանք այդ մասով փորձաքննության եզրակացությունները, որոնց համաձայն՝ դիրքում գտնվող յոթ զինծառայողներից և ոչ մեկի մազի փորձաքննությամբ թմրանյութ օրգանիզմում չի հայտնաբերվել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դիրքի ավագի մոտ հայտնաբերված զանգվածն է եղել միայն թմրամիջոց, սակայն այդ դեպքում հարց է առաջանում, թե արդյո՞ք դա պատկանում է իրեն, քանի որ մազերի ուսումնասիրությամբ ոչ ոք դա չի օգտագործել։

«Ուզում են ասել, թե իբր ալկոհոլ ու թմրանյութ օգտագործած են եղել, միջանձնային հարցերի շուրջ վեճի արդյունքում միմյանց վնասել են, բայց փաստերն այլ բան են ասում։ Միակ պատճառաբանությունը, որ դիվերսիա չի եղել. «Ռուսները անմիջապես հասել են դեպքի վայր, վագոն֊տնակ, նայել են, ասել, որ դիվերսիա չի», իսկ մինչ վաշտի հրամանատարը հասել է դեպքի վայր, արդեն «լավ աշխատել են», ինքնախոստովանական էլ են «ստացել»,- նշեց փաստաբանը։

Սարգսյանը հատկանշական համարեց այն հանգամանքը, որ դեպքից օրեր անց այդ մարտական հենակետը հսկվում է ոչ թե ՀՀ ՊՆ-ի, այլ՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից։

Ինչ վերաբերում է կնիքի վնասված լինելու հանգամանքին և հարցին՝ արդյոք փորձ է արվում ազատվել հետքերից, փաստաբանն արձագանքեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ինքնաձիգերը առանձին վերցնի քննիչը, իսկ դրանց պահեստատուփերը հաջորդ օրը իրեն տրամադրի դիրքի նոր ավագը»։ Փաստաբանը պարզաբանում է պահանջել, թե ինչու են ինքնաձիգերը վերցվել դեպքի օրը, իսկ պահեստատուփերը՝ հաջորդ օրը։ Այդ մասով ևս, շուրջ մեկ ամիս է, չկա բացատրություն, ուստի, գտնում է, որ արդեն բողոք ներկայացնելու ժամանակն է։

Անդրադառնալով նախաքննության սկզբնական փուլում առաջ քաշվող վարկածին, թե սպանության համար մեղադրվողին սեռական բռնության են ենթարկել՝ փաստաբանը նշեց, որ եզրակացությամբ պարզվել է, որ վերջինիս մարմնի վրա որևէ վնասվածք դեպքի օրն առկա չի եղել։ Հարցին՝ արդյոք փորձաքննության եզրակացությունից հետո վերաորակվել է մեղադրյալների մեղադրանքը՝ փաստաբանը նշեց, որ հոդվածը չի վերաորակվել։ Ինչ վերաբերում է դիակների դատաբժշկական փորձաքննություններին, ապա դեպքից անցել է հինգ ամիս, մինչդեռ մինչ օրս չեն ստացվել դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։

Վերջին նորություններ