Ուկրաինայում պայթյունավտանգ իրավիճակ է, որը մեզ հուզում է․ վարչապետ

Ուկրաինայի շուրջ իրավիճակը լարված է, և եթե միջազգային լրատվությանն եք հետևում, այնպիսի տպավորություն է, որ օր օրի այդ լարվածությունը մեծանում է։ Իհարկե, պայթյունավտանգ իրավիճակ է, որը, բնականաբար, մեզ հուզում է, առցանց ասուլիսին Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանն իր մտահոգություններն այս առնչությամբ հայտնում է բոլոր գործընկերներին։

«Մենք մեր մտահոգությունները կիսում ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Ընդ որում, մտահոգությունները կիսում ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ, նաև արևմտյան մեր գործընկերների հետ ենք կիսում մեր ունեցած մտահոգությունները։ Այսքանը կարող եմ ասել։ Բնականաբար, մենք շահագրգռված ենք, որպեսզի իրավիճակը Ուկրաինայում վերահսկողությունից դուրս չգա։ Հասկանալի է՝ մենք շատ մեծ լծակներ այդ առումով չունենք, բայց, բնականաբար, ցանկացած իրավիճակում մենք առաջնորդում ենք Հայաստանի ազգային շահերին համապատասխան», - վստահեցրեց Փաշինյանը։

Նա պատասխանեց նաև հարցին, թե եթե Ռուսաստանը որոշի Ուկրաինա «ներխուժել» և ներգրավել նաև ՀԱՊԿ-ին, Հայաստանի Հանրապետությունը, որպես կառույցը նախագահող երկիր, ունի՞ մշակած ռազմավարություն՝ ինչպես գործել այդ դեպքում։

«Հայաստանի ռազմավարությունն, արդեն ասացի, ՀՀ կառավարությունն առաջնորդվելու է ՀՀ ռազմավարական շահերով, իսկ «եթե»-ներով հարցերի պատասխանել ես չեմ ցանկանում, որովհետև հույս ունեմ, որ այդ «եթե»-ներին բանը չի հասնի և իրավիճակը չի սրվի մինչև ռազմական բախում», - ասաց Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ