Ներքին Հանդ գյուղի բնակիչներին Կարմիր Խաչն է սնունդ ու հիգիենայի պարագաներ հասցրել. Փաստինֆո
Եղանակային պայմանների պատճառով Գորիսի ու Կապանի մի շարք գյուղեր հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ օրեր առաջ են հումանիտար օգնություն ստացել։
«Եղանակը մեզ չի խանգարում, բոլորը իրենց տեղում են, իրենց ամեն ձևով ապահովել են։ Երեք օր առաջ էլ Կարմիր խաչը օգնություն բերեց՝ սնունդ և հիգիենայի պարագաներ։ Մանկավարժներն էլ գյուղից են՝ տեղացի, դպրոցը գործում է, այս պահին լուրջ խնդիր չունենք»։
Գյուղում մթերային խանութ չկա, հարակից գյուղի՝ Ծավի երկու մթերային խանութից են հարկ եղած դեպքում օգտվում՝ անցնելով 4 կմ ճանապարհ։ Այստեղ գործում է նաև կիսաշրջափակման մեջ հայտնված գյուղերով անցնող երթուղայինը, որը բնակիչներին հասցնում է Ճակատեն, այնտեղից էլ Կապան են կարողանում ուղևորվել։
«Այլընտրանքային ճանապարհով ենք գնում, գալիս։ Եղանակը սենց որ փոխվեց, նոր կառուցվող ճանապարհը կբացեն, վաղվանից կգործի՝ թեկուզ գրունտային ։ Այսօր մարշուտկան էլ է աշխատում՝ Ծավ, Հանդ, Ճակատեն ճանապարհով է անցնում, այնտեղից ՈՒԱԶ-ներով տեղափոխում են Կապան։ Երկու ժամը մեկ գնում, գալիս են»։
Ներքին Հանդը պատերազմից հետո սահմանամերձ է դարձել։ Պատերազմից առաջ գյուղի բնակիչներն օգտվում էին Արցախի վարչական տարածքի արոտներից, սակայն հիմա օգտվում են գյուղի վարչական տարածքից։ Այստեղ որպես սահմանամերձ գյուղ ազատվել են հողի հարկից, ստանում են էլեկտրաէներգիայի փոխհատուցում։
Ներքին Հանդը Սյունիքի Կապան համայնքի վեց գյուղերից մեկն է, որտեղ հումանիտար խնդիրներ էին առաջացել՝ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական կողմի անօրինական գործողությունների հետևանքով։






























