
Նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ. նոր նախագիծ

«Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ եւ առաջարկում է նվազագույն աշխատավարձ 68 հազար դրամը փոխարինել 100 հազար դրամով, գրում է armlur.am-ը։
Հիմնավորման մեջ խմբակցությունը նշում է, որ թանկացել են մի շարք ապրանքատեսակներ, բացի այդ ավելացել է ջրի սակագինը, չի բացառվում՝ նաեւ գազի սակագինը բարձրանա: Եվ հաշվի առնելով այս ամենը՝ ընդդիմադիր խմբակցությունը նվազագույն աշխատավարձի նման բարձրացում է առաջարկում՝ ընդգծելով, թե սպառողական զամբյուղն էլ 70 հազար դրամ է կազմում:
Հավելենք, որ կառավարությունն իր ծրագրով ստանձնել էր պարտավորություն նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ:
Նշենք, որ առայժմ հայտնի չէ, թե ընդդիմադիրները այս նախագիծը ներկայացնելիս հաշվի են առել ՀՀ պետական բյուջեի հնարավորությունները, թե՞ ոչ և արդյո՞ք նախագիծն իրատեսական է։