Իրավիճակը սպառնում է Ալմաթիի բնակիչներին․ Տոկաևը կոչով դիմեց ժողովրդին

Մեր սիրելի քաղաքում զանգվածային հարձակումներ են տեղի ունենում իրավապահների վրա։ Նրանց թվում կան սպանվածներ և վիրավորներ։ Ավազակային ամբոխները ծեծում են զինծառայողներին, ծաղրում նրանց, քշում փողոցներով, բռնության ենթարկում կանանց, թալանում խանութներ։ Իրավիճակը սպառնում է Ալմաթիի բնակիչներին։  Ալմաթիից բացի իրավիճակը սրվել է նաև որոշ այլ շրջկենտրոններում։ Այդ կապակցությամբ մի շարք մարզերում մտցրեցի արտակարգ դրություն։ Սա անհրաժեշտ միջոց է։ Այս մասին ասել է Տոկաևը ժողովրդին ուղղված իր ուղերձում։ 

 

Հիշեցնենք, որ  Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։

Իսկ մինչ այդ Ալմաթիի կենտրոնում կրկին ցուցարարներ են հավաքվում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին հատուկ ջոկատի վահան է, որը, ամենայն հավանականությամբ, ցուցարարները գրավել են երեկվա բախումների ժամանակ։ Երթի մասնակիցներից ոմանք օգտագործում են հատուկ մեքենաներ, որոնք կարող են պատկանել նաև ուժայիններին։ 

Քաղաքականություն