
Հայաստանում Covid-19-ի դեմ շուրջ 1.5 մլն պատվաստումից անաֆիլաքսիա է առաջացել 6-ի դեպքում

Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացված շուրջ 1.5 մլն պատվաստման պարագայում անաֆիլաքսիա, այսինքն՝ օրգանիզմի ծանր ալերգիաբանական ռեակցիա, առաջացել է ընդամենը 6 դեպքում: Լրագրողների համար կազմակերպված դասընթացին այս մասին ասել է Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Անաֆիլաքսիայի վտանգ կարող է լինել պատվաստումից 15 րոպեից հետո մինչև 40 րոպեի ընթացքում: Անաֆիլաքսիան հիմնականում պատվաստանյութի բաղադրիչներից մեկի նկատմամբ օրգանիզմի գերզգայուն ռեակցիան է: Այդ դեպքում, օրինակ, իջնում է զարկերակային ճնշումը, կարող է առաջանալ շնչահեղձություն և այլն:
«Առաջին 40 րոպեում է կյանքի համար վտանգ ներկայացնում, եթե առաջին օգնություն չցուցաբերվի, ամեն ինչ կարող է պատահել: Դրա համար են պացիենտին հորդորում՝ որոշ ժամանակ մնալ բուժհաստատությունում, որ հարկ եղած դեպքում բուժօգնություն ստանան: Որքան պրոցեսը երկարում է, այնքան անաֆիլաքսիայի ուժգնությունը մեղմանում է: Նույնիսկ, եթե պացիենտը տանն է, իրեն վատ է զգում, Շտապօգնությունը կարող է օգնություն ցույց տալ, կամ ինքը կարող է դիմել բուժհաստատություն»,-ասել է ՀՎԿԱԿ-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնից Պիրիջիտա Սիմոնյանը:
Մասնագետները վստահեցնում են, որ բոլոր բուժհաստատություններն ապահովված են բուժառուին անաֆիլաքսիայից հանելու համար նախատեսված դեղորայքով: