Հասարակություն

«Այդ հանդիպմանը մասնակցելու առաջնային նպատակը գերիների հարցը կրկին բարձրաձայնելն է եղել». Ռուբեն Բաբայանը՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին

Lilit A. 212 դիտում
«Այդ հանդիպմանը մասնակցելու առաջնային նպատակը գերիների հարցը կրկին բարձրաձայնելն է եղել». Ռուբեն Բաբայանը՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին

Հայաստանի մշակույթի, կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ դեկտեմբերի 23-24-ին Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի մշակույթի ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ: Հայաստանի պատվիրակությունը փոխադարձ վստահություն ստեղծելու գործում նախ և առաջ կարևորել է գերիների վերադարձի հարցը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որը հանդիպման մասնակիցներից է եղել, ասաց, որ իր հետ Հայաստանից մեկնել են նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

 

[14daf31136610dd9ec6cdf9da0fd17b9.jpeg]

 

Ադրբեջանի կողմից հանդիպմանը մասնակցել են Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլին, Բաքվի Լեզուների համալսարանի ռեկտոր Քյամալ Աբդուլլան, կինոռեժիսոր Այազ Սալաևը, Ադրբեջանի Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Գյուլչոխրա Մամեդովան:

«Շվիդկոյը նման հանդիպումներ նախաձեռնել է 2004-ին, 2006-ին, 2008 թվականին: Այս հանդիպումն առանց օրակարգի էր: Շվիդկոյն ի սկզբանե ասել էր, որ որևէ քաղաքական հարց չի քննարկվելու: Յուրաքանչյուրս ներկայացնում էր ինքն իրեն, և զրույցը ծավալվեց միայն մարդկային, հումանիստական դաշտում: Մենք ասացինք, որ վստահություն ստեղծելու համար անհրաժեշտ են որոշակի քայլեր, և առաջին քայլը գերիների վերադարձն է: Չի՛ կարող լինել վստահություն, չի՛ կարող լինել խաղաղ գործընթաց, եթե լուծված չէ ամենակարևոր մարդկային հարցը: Մենք այս մասին ենք բարձրաձայնել: Պետք է ամեն ինչ անել այդ գործընթացին չխանգարելու համար, և ես հույս ունեմ, որ որոշակի քայլեր կարվեն»,-պատմեց Ռուբեն Բաբայանն ու հավելեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն էլ խոսել են իրենց հուզող հարցերի մասին, որոնք, հիմնականում, կապված են եղել  ականապատված տարածքների հետ:

Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենց՝ այդ հանդիպմանը մասնակցելու առաջնային նպատակը գերիների հարցը կրկին բարձրաձայնելն է եղել: Նա կարծում է՝ այդ հարցով պետք է զբաղվել բոլոր հարթակներում: Ըստ Ռուբեն Բաբայանի՝ նման հանդիպումների շարունակական բնույթ կրելը կախված է արդյունքներից:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250