Մեղադրյալի կարգավիճակով զինծառայողներից մեկին կալանավորելու միջնորդությունը մերժվել է. պաշտպան

Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանական գերություներից Հայաստան վերադարձված, այժմ արդեն՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողներից Ն.Ե.-ին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանը մերժել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը՝ հավելելով, որ դատարանը մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը թողել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը:

 

«Նարեկը հիմա ազատության մեջ է: Քանի որ այժմ նախաքննություն է ընթանում, քրեական գործի մանրամասների եւ առաջադրված մեղադրանքի մասին խոսել չեմ կարող: Մեղադրանքը նոր է առաջադրվել, վկայով են հարցաքննվել, ցուցմունք տվել, հետո կասկածյալով հրաժարվել է իմ պաշտպանյալը, իսկ մեղադրանք առաջադրվելուց հետո, կարելի է ասել, լրացուցիչ ցուցմունք է տվել: Նախաքննական մարմինը նորից կալանավորելու միջնորդություն չի կարող ներկայացնել, պետք է արդեն խափանման այլ միջոց ընտրվի՝ ստորագրության կամ գրավի տեսքով, այդ հարցը դեռ չի քննարկվել»,- հայտնեց Պողոսյանը:

 

Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ դատարանը մեղադրյալի կարգավիճակ ունեցող մեկ այլ զինծառայողի՝ Ս.Ա.-ին կալանավորելու միջնորդությունը բավարարել է:

 

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող մյուս 3 զինծառայողներին կալանավորելու միջնորդությունների առնչությամբ տեղեկատվություն դեռեւս առկա չէ

Քաղաքականություն