
«Գերիներով տարածք հանձնելու խնդիր ենք տեսնում». Սիրանուշ Սահակյանը` գերիներին պիտակավորելու և իշխանության գործելաոճի մասին

Իշխանությունը գերիների հարցով արժեքաբանական խնդիրներ է ստեղծում հասարակության մոտ, հանրային գիտակցությանը սխալ ազդակներ է ուղղում, ռազմագերիների իրավուքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը կարծիք հայտնեց հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Սահակյանը նշեց, որ օրինակներից մեկը ռուսական կողմի ջանքերով ամիսներ առաջ Հայաստան վերադարձվող ռազմագերիներին ՀՀ իշխանության կողմից, սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով, հերոսացնելն էր, նրանց ընդհուպ վարչապետի մակարդակով դիմավորելը, իսկ դրանից հետո արդեն այս օրերին բոլոր գերիներին «հանցագործ» անվանելը։
«Այժմ տեսնում ենք այլ ծայրահեղություն, երբ առանց կոնկրետ դեպքի հանգամանքների համալիր ուսումնասիրության, բոլոր գերիներին պիտակավորում են որպես հանցագործներ։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ դա իրականություն չէ, բազմաթիվ անձինք գերի են ընկել իրենց կամքից անկախ հանգամանքներում և, եթե հնարավորություն տրվեր, ապա նրանք ևս իրենց կյանքը կզոհաբերեին հանուն հայրենիքի», - ընդգծեց իրավապաշտպանը։
Նա դատապարտեց նաև Խծաբերդից գերեվարված զինծառայողներին պիտակավորելու, նրանց ցուցմունքները փաստաբանի կողմից հրապարակելու փաստը։
«Հարցաքննությունների հետ կապված կան պայմաններ, որոնք պետք է բավարարվեն։ Նրանք բոլորը հարցաքննվել են վկայի կարգավիճակով, կարևոր էր քննարկել նաև այն հարցը, թե ադրբեջանական գերության և մշտապես կյանքի սպառնալիքի ներքո գտնվող անձանց նման հոգեբանական և ֆիզիկական վիճակով թույլատրելի՞ էր կանչել հարցաքննության», - ասաց Սահակյանը։
Իրավապաշտպանը հայտարարեց, որ իրենք Խծաբերդից զինծառայողների գերեվարման հանգամանքների առնչությամբ հստակ հարցադրումներ ունեն պետությանը, նաև հանգամանքների են տիրապետում, որոնք կոնկրետ եզրահանգումների տեղիք են տալիս։
«Կան հարցեր, որոնց կուզենայինք, որ հենց պետությունը պատասխաներ․ ինչպե՞ս պատահեց, որ երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ յուրաքանչյուր կողմ մնում էր այն դիրքերում, որտեղ գտնվում էր, իսկ Խծաբերդը և Հին Թաղերը մնացել են հայկական վերահսկողության ներքո, ստորագրվեց փաստաթուղթ և տրվեց հրահանգավորում, որով դրանք դարձան ադրբեջանական տարածքներ։ Երկրորդը՝ եթե այդ զինծառայողները պետք է շարունակեին մարտական խնդիրներ լուծել և նրանց հրահանգավորում էր տրվել իջնել դիրքերից, ո՞ր ստորաբաժանումներն են նրանց փոխարինել։ Եթե փոխարինող ստորաբաժանումներ չկային, ո՞վ է դրա պատասխանատուն։ Այսինքն, եթե ակնկալիք են ձևավորում, որ այդ տղաները պետք է մարտի բռնվեին, առնվազն պետք է հիմնավորումներ ներկայացնեն, թե մարտական հերթապահության կամ ծառայության նպատակահարմարությունն այդտեղ եղե՞լ է, հերթափոխ կազմակերպվե՞լ է, թե՞ ոչ։ Կուզենայինք նաև հասկանալ, թե ինչպե՞ս է պատահել, որ նույն հրամանատարը, առանց փամփուշտ արձակելու, ադրբեջանցիների հետ խոսակցության արդյունքում լքել է տեղանքը, և եթե մարտերը պետք է շարունակվեին, ինչո՞ւ մարտի չէին բռնվում, մեկ փամուշտ էլ ինքն արձակեր։ Ցանկը կարող ենք ընդլայնել, պարզապես խորհուրդ կտանք, որ զգոնություն ունենան և անհարկի այս խմբի զինծառայողներին չպիտակավորեն», - նշեց իրավապաշտպանը։
Նա հավելեց՝ խնդիրը շատ ավելի լուրջ է և խորքային։
«Նշված միջադեպում մենք չենք տեսնում գերի հանձնվելու, գերի ընկնելու որևէ հատկանիշ։ Ավելին, գերիներով տարածք հանձնելու խնդիր ենք տեսնում, և հենց այս փաստերն են, որ պետք է ավելի ուշադիր հետաքննության արժանան», - հայտարարեց իրավապաշտպանը։