
Ընտրված թեկնածուին ձերբակալելով ուզում են բնակիչներին «կոտրել»․ Գեղամասարի համայնքապետ

Վարդենիսի բնակիչները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը։ Նրանք պահանջում են ազատ արձակել «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին։
Դեկտեմբերի 5-ին Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ին չէր հաջողվել հաղթել ու ստանալ 50+1 վստահության քվե, որի արդյունքում «Միասնական Վարդենիս» դաշինքը և «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը Վարդենիսում կոալիցիոն իշխանություն ձեւավորելու հնարավորություն էին ստացել և կոալիցիա կազմելու հայտարարություն տարածել ։ Ընտրություններից 4 օր անց հայտնի դարձավ, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկը ձերբակալվել է։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն ասաց, որ Արամ Հարությունյանին այսօր առավոտյան քննչական կոմիտե են կանչել ու ձերբակալել։ Համայնքապետի խոսքով՝ սա գործող իշխանության ձեռագիրն է, փորձում են այսկերպ ազդել ընտրությունների արդյունքների վրա։
«Քանի որ իրենց ցանկալի թեկնածուն՝ Արամ Մելքոնյանը չի ընտրվել, այսպես են անում։ Ժողովրդի մեջ էլ խոսակցություն կար, որ Գնել Սանոսյանն ասել է, թե երկու օրվա մեջ այդ հարցերը կկարգավորեն, մյուս թեկնածուին կձերբակալեն։ Ճիշտն ասած, մենք նրանցից սպասում էինք, որ դա կանեն։ Ինքս էլ վստահ եմ, որ այս ամենը Գնել Սանոսյանի սարքածն է»,-նշեց Հակոբ Ավետյանը։
Նա ևս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նշում է, որ երեկ քննչական կոմիտե էին հրավիրել իրեն ու նոր գործ հարուցել։
«Ստացվում է՝ մի ամբողջ ժողովրդի ուզում են կոտրել։ Եթե երկու դաշինք հավաքել է 7 000-ից ավելի ձայն ու նրանց թեկնածուին ձերբակալում են, այդ մարդկանց ուզում են այսկերպ կոտրել։ Էլ ինչո՞վ ենք պաշտպանված։ Ո՛չ «պոստերն» են պաշտպանված, ոչ էլ ներսում է պաշտպանված, որ գոնե իմանանք՝ ժողովուրդն այս ծանր վիճակում ընտրության իրավունք ունի»,-նշեց Հակոբ Ավետյանը՝ հավելելով, որ ձերբակալում են այն մարդկանց, որոնք ռազմական գործողությունների ժամանակ առաջինն են համախմբում մարդկանց ու դիրքեր բարձրանում։
Վարդենիսցիներն այժմ փակ են պահում Մարտունի-Վարդենիս ճանապարհը՝ Ծովակի հատվածում։ Նրանց է միացել նաև Հակոբ Ավետյանը։