
Թույլ ինտենսիվությամբ կրակոցներ՝ սահմանի որոշ ուղղություններով. Վարդենիսի հատվածում՝ զինտեխնիկայի կուտակում. MediaHub. am

MediaHub.am-ի տեղեկություններով այս պահին սահմանի տարբեր ուղղություններով իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այժմ թույլ ինտենսիվությամբ կրակոցներ կան Վարդենիսի, Գորիսի, Մեղրիի, Եղեգնաձորի և Արարատի սահմանամերձ հատվածներում։
Սահմանի որոշ ուղղություններով թշնամին զինտեխնիկա է կուտակել, մասնավորապես՝ Վարդենիսի Կութ, Նորաբակ, Վերին Շորժա բնակավայրերի ուղղությամբ։
Հայկական կողմից նոր տուժածներ չկան։
Ավելի վաղ 24News-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նշել էր, որ ադրբեջանական զինված ուժերը մեծ քանակությամբ տեխնիկա են կուտակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Նորաբակ գյուղի ուղղությամբ, որտեղ այսօր հակառակորդը ինտենսիվ կրակ էր սկսել մեր դիրքապահների ուղղությամբ։
Ավետյանը լրատվականի հետ զրույցում ասել է, որ բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, մոտ 1 ժամ է, ինչ իրավիճակը հանգիստ է նաև սահմանի երկայնքով։
Auroranews-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ: ՊՆ-ից չմեկնաբանեցին լուրը և հորդորեցին հետևել բացառապես նախարարության տարածած պաշտոնական տեղեկատվությանը:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմը ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Հակառակորդի ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։
ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։