ՍԴ որոշումից հետո Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը անհապաղ պետք է ազատ արձակվեն. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն: Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ պատգամավորների անձեռնամխելիության վերաբերյալ ՍԴ որոշման մասին տարածած հաղորդագրության մեջ:
 

«Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:
 

Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն»,- ասված է հաղորդագրության մեջ: