ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին նախարարը դատի կտա Երևանի քաղաքապետարանին իր հասցեին արված հայտարարության հերքման պահանջով

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ արձագանքել է Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը, որում նրան կոչ էին անում դադարեցնել Այգեստան 12-ում շինարարությունը:

 

«Այսօր Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում դադարեցնել ինչ-որ ապօրինի շինարարություն և այն կապել է իմ անվան հետ։ Ըստ էության չանդրադառնալով հայտարարության մեջ առկա փաստերի՝ իրականության հետ առնչություն չունենալու հանգամանքներին, հայտարարում եմ, որ արդեն հանձնարարություն եմ տվել իմ փաստաբաններին համապատասխան հայց նախապատրաստել ակնհայտ զրպարտության և անհիմն, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին»,- գրել է նա:

 

«Երևան քաղաքի Այգեստան 12-րդ փողոցի հ.8 հասցեում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, դեռևս ս. թ. սեպտեմբերից սկսած, իրականացվել են բնակելի տան տանիքի վերակառուցման ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Բացի այդ, ս․ թ․ նոյեմբեր ամսվա վերջերից սկսած մինչ օրս, նույն հասցեում իրականացվում են նաև երկհարկանի շինության կառուցման ինքնակամ աշխատանքներ։

Ըստ ձեռքբերված բանավոր տեղեկատվության, Գ․ Մանուկյանի մահից հետո, այդ հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները, նախաձեռնվել, կազմակերպվել են և իրականացվում են վերջինիս որդու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից»,- նշվում էր Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն