Ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը չի հանդիպում գերիների և անհետ կորածների ծնողներին. խոսնակը ասում է` նախապես պետք է գրանցվել
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ համացանցում հայտնված տեսանյութից հետո երկրորդ օրն է` բողոքի ակցիա են իրականացնում գերեվարված, զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները։ Այսօր նրանք հավաքվել են ԱԺ մուտքի մոտ։
Տեղում աշխատող «Փաստինֆո»-ի թղթակիցը կապ է հաստատել Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Վարդանյանի հետ, վերջինս նշել է, որ նիստերի պատճառով ԱԺ նախագահը չի կարողնա ծնողներին ընդունել։ Առաջարկել է, որ ծնողները ընդունարանից կապ հաստատեն Ալեն Սիմոնյանի ընդունարան՝ հանդիպման համար պայմանավորվելու։ Ծնողներից մի քանիսը որոշեցին հանդիպման համար այդ կերպ պայմանավորվել ու ուղևորվեցին դեպի ընդունարան։
Հանդիպման մասին պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո հարազատները կտեղեկացնեն մանրամասների մասին։
Հիշեցնենք` համացանցում է հայտնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել և որ իր համար գերիներ չկան։
Ավելի ուշ Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է ու իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Այս տեսանյութի տարածվելուց հետո անհետ կորածների և գերիների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց։ Պահանջում էին ԱԺ նախագահից գալ և պատասխան տալ գերիներին դասալիք անվանելու համար, սակայն հանդիպում տեղի չունեցավ և հարազատները մի քանի ժամ շարունակ փակ պահեցին Հրապարակ տանող փողոցները։
Միաժամանակ Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև մարզից գերեվարված զինծառայողների հարազատները։ Նրանք փակել էին մարզպետարանի դիմացի փողոցները և պահանջում են անհապաղ հանդիպում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել էին, որ չեն պատրաստվում հեռանալ այստեղից, քանի դեռ չեն հանդիպել մարզպետին։






























