«Հայաստան» դաշինքն ու գործող իշխանությունը համագործակցո՞ւմ են. Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է լրատվականի հարցին
Երեկ «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին՝ մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն:
ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե այս որոշումը քաղաքական ինֆանտիլիզմի արդյունք է, թե սա խիստ մտածված, պլանավորված որոշում է։
«Ես ուզում եմ մտածել հօգուտ «Հայաստան» դաշինքի և հերքել քաղաքական և լրատվական շրջանում տարածված այն վստահ համոզմունքը, որ սա հստակ պլանավորված որոշում է, որպեսզի չխանգարեն իշխանության գործողություններին միջազգային հարթակներում։ Ես ուզում եմ մտածել, որ սա ընդամենը քաղաքական լուրջ անփորձության արդյունք է, որովհետև այսօր խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի խորհրդարանում որևէ անելիք չունի։ Հայաստանի խորհրդարանում նրանց օգտակար գործողության գործակիցը ոչ միայն 0 է, այլև Հայաստանի խորհրդարանում նրանց յուրաքանչյուր օրը աշխատում է իրենց դեմ և ուժեղացնում է Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, որ եթե որևէ տեղ խորհրդարանական ընդդիմությունը կարող էր օգտակար լինել՝ դա միջազգային հարթակներն են, վեհաժողովներն ու կառույցներն են։
«Եթե իրենք իրավացիորեն հայտարարում են, որ խորհրդարանական մեծամասնությունը այս իշխանությունը, տապալել է խորհրդարանական դիվանագիտությունը, տապալել է երկրի արտաքին հարաբերությունները, և իրենք հրաժարվում են մեկնել ԵԱՀԿ, որի մանդատի տակ է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, իրենք հրաժարվում են Եվրանեսթից, որտեղ անդամ է նաև Ադրբեջանը, և իրենք կարող են Ադրբեջանի պատգամավորների հետ դեմ առ դեմ քննարկել, ոչնչացնել վերջիններիս, եթե իրենք հրաժարվում են մեկնել ԵԽԽՎ, որտեղ հումանիտար, մարդասիրական, մարդու իրավունքների հարցերի հետ կապված իրենք պետք է իրենց ճղեն՝ բարձրացնելով հայ ռազմագերիների խնդիրները, բարձրացնելով Ադրբեջանի կողմից Արցախյան վերջին պատերազմի ժամանակ իրականացրած ռազմական հանցագործության խնդիրները՝ այդ թվում քիմիական զենքի, սպիտակ ֆոսֆորի կիրառումը։ Միջազգային հանրությունը միակ հարթակն է, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը կարող է ապացուցել, որ իրենց մանդատներ վերցնելը եղել է արդարացված»,- ընդգծեց Զոհրաբյանը։
Վերջինիս համար նաև անհասկանալի է այն, որ երեկ ընդդիմադիր պատգամավորների օգնականներին ծեծում են, իսկ այսօր նրանք «խելոք գնում են»։
«Իրենց խմբակցության ղեկավարը լայցի մեջ տեքստ է արտաբերում, որից հետո իրենք շարունակում են աշխատելը։ Սա բացարձակ անխոհեմ, բացարձակ քաղաքական որևէ հիմնավորումից զուրկ որոշում էր, որովհետև այսօր մենք միջազգային հարթակներում այնքան խնդիրներ ունենք լուծելու՝ մեր ռազմագերիների խնդիրները, տեղահանված արցախցիների խնդիրները, մշակութային այն վանդալիզմը, որ այսօր իրականացվում է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում։ Սրանք խնդիրներ են, որ նամակներով չեն լուծվելու։ Նրանք ասում են՝ դե նամակ կգրենք մեր միջազգային գործընկերներին։ Նրանք թքած ունեն ձեր նամակների վրա, նրանք ձեզանից ուղարկված մեյլերը չեն էլ բացելու դեմոնստրատիվ, և ասելու են՝ ասելիք ունեին՝ թող գային էստեղ հարթակներում ասեին»,- ասաց նախկին պատգամավորը։
Նա նաև դավաճանություն որակեց ընդդիմության այս քայլը. դավաճանություն ռազմագերիների, արցախցիների հանդեպ, որոնք տարածքները, մշակութային կոթողները պղծվում են ադրբեջանական և թուրքական վանդալների կողմից։
«Ես հույս ունեմ, որ գոնե «Պատիվ ունեմ»-ը չի հետևի այս անխոհեմ որոշմանը։ Գոնե «Պատիվ ունեմ»-ի 4 պատգամավորները միջազգային հարթակներում կբարձրացնեն մեզ համար այսօր օրհասական, կարևորագույն խնդիրներ, որոնցից առաջինը ինձ համար ռազմագերիների խնդիրներն են։ Ի դեպ՝ միջազգային հանրության հետ մենք ունենք լիակատար կոնսենսուս, մնում է այդ խնդիրը անընդհատ թեժ պահենք, խնդիրը անընդհատ և ամեն օր բարձրացնենք»,- ընդգծեց Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի ներկայացրած այն պատճառին, որ իրենց պատգամավորների ապօրինի կալանավորուման և այլ պատգամավորների, այդ թվում պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակման համար են նման քայլի գնացել, Զոհրաբյանը արձագանքեց. «Իրենք առավել ևս պետք է շահագրգիռ լինեին վերցնել միջազգային կառույցների մանդատը, որպեսզի հենց միջազգային հարթակներում՝ Ստրասբուրգում, լիագումար նիստի ժամանակ հնչեցնեին, օրինակ, որ ժողովրդի քվեով ընտրված Առուշ Առուշանյանը շարունակում է մնալ կալանքի տակ, որ հարգարժան բժիշկը, ով ունի առողջական ծանրագույն խնդիրներ, որի կնոջ հետ ես գրեթե ամենօրյա կապի մեջ եմ, շարունակում է մնալ կալանավորված, որ իշխանությունը իր հայեցողությամբ թույլ չի տալիս Արմեն Գևորգյանին լքել ՀՀ տարածքը և մասնակցել ԵԽԽՎ նիստերին։ Հենց նաև այդ հարցը բարձրացնելու համար իրենք պիտի ներկայացված լինեին միջազգային կառույցներում։ Ես չգիտեմ՝ ով է այդ քաղաքական թիմի ղեկավարությանը հուշել այս անխոհեմ որոշումը, բայց ես ունեմ լեգիտիմ իրավունք մտածելու, որ այդ հուշարարները պարզապես աշխատել են «Հայաստան» դաշինքի դեմ»։
Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ այս որոշումը «Հայաստան» դաշինքի և իշխանությունների համագործակցության արդյունք լինել, Զոհրաբյանը ասաց, որ նա այդ տեսակետը չունի։
«Ես կարող եմ այնտեղ բազմաթիվ պատգամավորների պատկերացնել և պատկերացնում եմ, որ իրենք կարող է գնան համագործակցության՝ իշխանական այս կամ այն թևի, այս կամ այն անձի հետ, բայց ես ուղղակիորեն որևէ անգամ որևէ դեպքում չեմ պատկերացնի որ Ռոբերտ Քոչարյանը կարող է գնալ որևէ ձևաչափով համագործակցության Նիկոլի հետ»,- եզրափակեց Զոհրաբյանը։