ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ապե, նոր մեկն ասում էր՝ պատասխանատվության կենթարկվեք»․ զինվորների ուղիղ եթերներն ու ՊՆ անգործությունը և լռությունը
Դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Auroranews-ը նման բովանդակությամբ հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարությանը․
«Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-ից, նկատել ենք, որ զինծառայող Մհեր Բադալյանը մի խումբ ծառայակիցների հետ, որոնք այդ պահին գտնվում էին զորամասի տարածքում՝ ծառայության մեջ, TikTok հավելվածի ուղիղ եթերում էին։ Զինծառայողները մի քանի ժամ մնացին ուղիղ եթերում, որևէ մեկն այդ ընթացքում չընդհատեց նրանց, որևէ հսկողություն չէր իրականացվում, ժամանակ առ ժամանակ լսվում էր բարձր երաժշտության ձայն։ Զինվորներն ուղիղ եթերում հնչեցրել են իրենց հեռախոսահամարները, ընթացքում երևում էր սենյակը, որտեղից որ տեղի էր ունենում հեռարձակումը։ Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին։
Արդյո՞ք ՊՆ աշխատակիցները զբաղվում են այս միջադեպով, ովքե՞ր են զորամասի հրամանատարները և զորամասի բարձիթողի վիճակի պատճառը ո՞րն է։ Տղաները զորամասում «արտոնյալների» կարգավիճակ ունե՞ն, ինչո՞ւ է զորամասում այնպիսի վիճակ, որ դեռ չեն գիտակցում, թե բանակն ինչ է։ Ի՞նչ քայլերի է դիմել ՊՆ-ն, և արդյո՞ք պատժվածներ կան, եթե այո, ապա ովքե՞ր են»։

Նախարարությունից միայն հոկտեմբերի 20-ին պատասխան նամակ եկավ, որում նշել էին, որ հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ ժամանակի անհրաժեշտություն կա․ «[email protected] էլեկտրոնային հասցեով ուղարկված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:
Բոլորս հիշում ենք, որ այսօր դեկտեմբերի 2-ն է, տարին մոտենում է իր ավարտին, սակայն մեզ այդպես էլ չի հաջողվում նախարարությունից ստանալ մեր հարցման պատասխանը։ Չի հաջողվում պարզել՝ նախարարության համապատասխան աշխատակիցները որևէ ուսումնասիրություն կատարե՞լ են տվյալ զորամասում, թե՞ ոչ, զորամասի ղեկավարությունը բացատրել է, թե ինչո՞ւ զորամասից հեռարձակվող և ժամեր տևած ուղիղ եթերը, հնչող բարձր երաժշտության ձայնը տվյալ զորամասում որևէ մեկին չանհանգստացրեց։
Այս ընթացքում բազմիցս նկատել ենք նմանատիպ ուղիղ եթերներ, որոնք իրականացվել են նաև այլ զորամասերում։ Հարց է առաջանում, եթե մեր երկրի պաշտպանական գերատեսչությունն ավելի պատասխանատու ձևով մոտենար մեր հարցմանը, համապատասխան քայլեր ձեռնարկեր, պատասխանատուները որոշակի պատիժներ կրեին՝ հնարավո՞ր է, որ կարողանար կանխել տարբեր զորամասերից շարունակ հեռարձակվող ուղիղ եթերները և սահմանափակվեինք միայն 1-2 զորամասով և 1-2 դեպքով։
Այս ֆոնին չենք կարող չնշել, որ Ադրբեջանում զինվորներին հնարավոր է արգելեն տեղեկություն տարածել սոցցանցերում։ Այս մասին ասվում է այդ երկրի «Զինծառայողների կարգավիճակի մասին» նոր օրինագծում, որն առաջարկել է այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը։
Ընդգծենք, որ ՊՆ-ը այս հարցում անգործություն դրսևորելուց բացի նաև օրենք է խախտում ՝ չպատասխանելով լրատվականի հարցմանը։
Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները շատ լավ են տիրապետում հայերենին և ակտիվորեն մոնիթորիգի են ենթարկում սոցցանցերի հայկական տիրույթը։ Հենց նման ուղիղ եթերներն էլ նրանց համար լավ հնարավորություն են ստեղծում մեր զինվորների հետ կապ հաստատելու և տեղեկություն կորզելու համար։






























