
Պետդուման հորդորել է չպատժել պատվաստմանը դեմ բժիշկներին

«Որոշ բժիշկների կասկածները պետք է փարատվեն` նրանց տրամադրելով դեղամիջոցի վերաբերյալ ադեկվատ տեղեկություններ»,- այս մասին «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի առողջապահության պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Ալեքսեյ Կուրիննին:
Նա մասնավորապես նշել է. «Ես դեմ եմ, որ բժիշկները քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է մի տեղեկատվության մասին, որը մեծ շրջանառություն ունի հասարակության շրջանում, սակայն կեղծ է: Տարբերակներից մեկն այն է, որ խոսքը կարող է լինել մարդու մասին, ով չի վստահում այն մասնագետին, որը չունի բավարար տվյալներ, որպեսզի կարողանա բացատրել պատվաստման արդյունավետությունը: Իսկ եթե մենք խոսում ենք նրանց մասին, ովքեր պարզապես վատ են կրթված և ժխտում են վիրուսի առկայությունը որպես այդպիսին, պայքարում են չիպավորման կամ այլ հորինված վախերի դեմ, ապա սա կրթության որակի և մասնագիտական կարողությունների հարց է»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում կարող է քրեական գործ հարուցվել 37 մարդու դեմ, ովքեր դեմ են Covid19-ի դեմ պատվաստումներին: Ռոսզդրավնաձորի տարածաշրջանային ստորաբաժանումները տեղեկություն են փոխանցել դատախազություն և քննչական կոմիտե պատվաստմանը դեմ անձանց մասին:
Վերջիններս հայտնաբերվել են լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և «Մեսսենջեր» հավելվածի միջոցով:
Ինչպես գրում է «Известия»-ն, պատվաստմանը դեմ հանդես եկող բուժաշխատողների ամենամեծ թիվը հայտնաբերվել է Կարելիայում` 18 մարդ: Եվս ութը հայտնաբերվել է Ռոստովի մարզում, հինգը՝ Վոլոգդայի մարզում, երկուսը՝ Սմոլենսկի շրջանում, մեկական՝ Սանկտ Պետերբուրգում, Տոմսկում և Լենինգրադի մարզերում, ինչպես նաև Յակուտիայում: