ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ–ն տեղյակ է` ի՞նչ են տեղափոխում կամ ովքեր են գտնվում ադրբեջանական ինքնաթիռներում. պատգամավորը՝ փոխնախարարին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավական հիմքով են ադրբեջանական ինքնաթիռները ՀՀ օդային տարածքով Բաքվից Նախիջևան ու հակառակ ուղղությամբ երթևեկում։ Բացի այդ պատգամավորը հարցրեց, թե արդյոք ՊՆ–ն տեղյակ է` ի՞նչ են տեղափոխում կամ ովքեր են գտնվում ադրբեջանական ինքնաթիռներում։

Արման Սարգսյանն ընդդիմադիր պատգամավորին խորհուրդ տվեց այդ հարցերով դիմել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե` նշելով, որ ինքն իրավական ընթացակարգերին խորությամբ չի տիրապետում։

«Կա չհերքված տեղեկատվություն, որ Նախիջևանի հատվածում տեղի է ունենում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակում։ Թե ինչ նպատակով են դրանք այնտեղ բերվում, չգիտեմ։ Գուցե ինչ-որ մի պահի ահաբեկչական գործողություններ կատարելու համար, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում,– ասաց Ղազինյանը:

 

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել էին, որ ադրբեջանական AZAL ավիաընկերությունը Հայաստանին վճարում է նրա օդային տարածքով անցնելու համար։ Գումարն էլ կախված է օդանավի թռիչքային քաշից, Հայաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքի ճանապարհից և ժամանակից, ինչպես նաև օդային ուղիների գանձումների մեծությունից։

 

Քաղաքականություն

Պատահարներ