Երեք զինծառայողների սպանության գործով տուժող կողմը կասկածներ ունի, որ օբյեկտիվ քննություն չի իրականացվում. «Փաստինֆո»

Օգոստոսին մարտական հենակետում երեք հայ զինծառայողի աղմկահարույց սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժող կողմը կասկածներ ունի, որ քրեական գործով օբյեկտիվ քննություն չի իրականացվում։ Զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ հայտնեց քրեական գործի ընթացքի մասին՝ կասկածներ հայտնելով քննության օբյեկտիվության վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով: 

 

Այս պահի դրությամբ մեղադրյալի կարգավիճակում են միայն դիրքի արդեն նախկին ավագը և վերջիններիս համածառայակիցը, որոնք կալանավորված են։
 

«Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ է ներգրավվել նոյեմբերի 16-ին, մինչդեռ դեռևս նոյեմբերի 9-ին դիմում էր ներկայացրել և միջնորդել, որ իրեն տրամադրեն տուժող կողմին հասանելիք փաստաթղթերը, որոնք, սակայն, պատշաճ կարգով չեն տրամադրել։ Սարգսյանը գտնում է, որ քննիչը շահագրգռված է գործի ելքով, քանի որ տուժող կողմից թաքցնում էր քրեական գործի հասանելի փաստաթղթերը, ինչի կապակցությամբ էլ բացարկ է հայտնել քննիչին, ինչը մերժվել է։ Բացի այդ՝ փաստաբան Հայարփի Սարգսյանը պնդում է, որ իր վստահորդին որպես տուժողի իրավահաջորդ չէին ճանաչել, այլ՝ որպես օրինական ներկայացուցիչ»։
 

Կայքը գրում է, որ Սարգսյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին իրեն տրամադրվել է մի քանի որոշում, իսկ ավելի ուշ՝ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություն։ 

 

«Դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները դեռևս առկա չեն, նշանակված է նաև դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն, ինչպես նաև՝ դատանյութագիտական, դատատոքսիկոքիմիական և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ևս չկան, դատագենետիկական փորձաքննություն չի նշանակվել։

 

Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, ապա փաստաբանը հայտնեց, որ փորձաքննության են ենթարկվել երկու մեղադրյալները, դիրքում երկու ողջ մնացած զինծառայողները, դիրքի նախկին ավագը, ինչպես նաև հարակից դիրքի ավագը։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել դիրքում ողջ մնացած զինծառայողներից մեկի և քրեական գործով որպես մեղադրյալ անցնող դիրքի ավագի մոտ։
 

«Առաջինի դեպքում վնասվածքի վաղեմությունը շուրջ 5 օրվա է, դիրքի ավագինը՝ տարբեր վաղեմության, այդ թվում՝ 1-2 օր։ Առաջինը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող այրվածքի հետք, որը պատճառվել է ծխախոտի պատահական այրոցով. իսկ դիրքի ավագինը՝ ճանկռվածքներ, որոնք ևս թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում՝ 1-4 օրվա վաղեմության»,- հայտնեց Սարգսյանը։
 

Դիտարկմանը, որ նախնական վարկածներից մեկով՝ սպանության մեջ մեղադրվող երիտասարդը ենթարկվել էր սեռական բնույթի բռնության, փաստաբանը տեղեկացրեց, որ սպանության մեջ մեղադրվողի մարմնի վրա որևէ բռնության հետք, ըստ դատաբժշկի եզրակացության, կամ, առհասարակ, նշված հանգամանքը հաստատող, չի հայտնաբերվել։
 

Ինչ վերաբերում է դեպքի վայրի զննությանը, ապա, ըստ Սարգսյանի, այդտեղ ևս հետաքրքիր պատկեր է ստեղծվել։
 

«Դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ դեպքի վայրի զննությունից մանրամասներ կան նշված։ Փաստորեն դեպքի վայրը զննել են թե՛ դեպքի օրը՝ օգոստոսի 19-ին, և թե՛ օգոստոսի 20-ին՝ լրացուցիչ զննությամբ։ Օգոստոսի 19-ին դեպքի վայրից առգրավվել են զենքեր, պարկուճներ, գնդակներ, իսկ օգոստոսի 20-ին՝ պահեստատուփեր, կրկին պարկուճներ, որոնք կարող էին և օգոստոսի 19-ին «նկատել»։ Զարմանալի է, թե ինչու են պահեստատուփերը վերցվել հաջորդ օրը, այլ ոչ թե զենքերի հետ միասին»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ գտնում է՝ քրեական գործով օբյեկտիվ քննություն չի իրականացվում»,- գրում է կայքը:

Քաղաքականություն