Դպրոցում 10-ամյա Դերենիկ Գասպարյանի մահվան գործով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 24 000 եվրո փոխհատուցում տրամադրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Դերենիկ Մկրտչյանը և Գայանե Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, գրում է Tert.am-ը:

Հայցվորները դպրոցում ծեծի հետևանքով մահացած Դերենիկ Գ.-ի պապն ու մայրն են: 10-ամյա տղան մահացել է պետական դպրոցում երկու համադասարանցու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Դա տեղի է ունեցել ուսուցչուհու՝ դասասենյակից բացակայելու ժամանակ:

Միջադեպի օրը բուժանձնակազմից որևէ մեկը ներկա չի եղել դպրոցում: Հայցվորների պնդմամբ՝  Դերենիկ Գ.-ն մահացել է դպրոցի ղեկավարության կողմից իրենց հսկողության տակ գտնվելու ընթացքում տղայի կյանքը պաշտպանելու իրենց պարտականությունը չկատարելու հետևանքով։ Բացի այդ, նրանք բողոքել են, որ տեղի իշխանությունները չեն կարողացել իրականացնել նրա մահվան արդյունավետ հետաքննություն: 

Նշվում է, որ Դերենիկ Գ.-ի մահվան պատճառը եղել է սուր շնչառական անբավարարության զարգացումը և սրտի ֆունկցիայի խանգարումը, որը պայմանավորված է էպիլեպսիայի նոպայով, որը, հավանաբար, իր հերթին, կապված է ծեծի և նրա հոգեբանական ու հուզական վիճակի հետ:

Ըստ ՄԻԵԴ որոշման՝ չէր կարելի ենթադրել, որ դեպքի օրը եղել է որևէ գործոն, որը պահանջել է հատուկ ուշադրություն կամ միջոցներ ձեռնարկել ուսուցչի կողմից, քանի որ նա տեղյակ չի եղել Դերենիկ Գ.-ի առանձնահատուկ խոցելիության մասին՝ կապված նրա առողջության հետ, բացի այդ, աշակերտների միջև բռնության որևէ դեպք նախկինում տեղի չէր ունեցել նրա դասարանում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դժվար է պնդել, որ, դասասենյակը լքելով, ուսուցիչը վտանգի է ենթարկել Դերենիկ Գ.-ի անվտանգությունը:

Հետևաբար, բավարար ապացույցներ չկան՝ եզրակացնելու, որ դպրոցի ղեկավարությունը չի կատարել 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության չափանիշը:

Ինչ վերաբերում է տղայի մահվան գործով հետաքննությանը, ապա ՄԻԵԴ-ի վճռում նշվում է, որ միջադեպի հանգամանքների հետաքննության ընթացքում լուրջ թերացումներ և ձգձգումներ են եղել։ Վկաների հարցաքննությունը, ապացույցների հավաքագրումը, քրեական գործի հարուցումը ժամանակին չի կատարվել և բացթողումներ եղել են հենց սկզբնական փուլում՝ մինչև քրեական գործի հարուցումը։

Դատարանը վճռել է, որ  հայցվորներին պետք է 24 000 եվրո տրամադրվի՝ որպես ոչ նյութան վնասի փոխհատուցում:

 

Հիշեցնենք, որ  չորրորդ դասարանի աշակերտ, տասնամյա Ղերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել էր 46 օր ուշացումով և ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ` «մինչև մահը հասցված թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»:

Դեպքը տեղի է ունեցել դպրոցում  2010 թ. hունիսի 5-ին՝ մաթեմատիկայի քննության ժամանակ: 

Քաղաքականություն

Պատահարներ