Ադրբեջանական կողմն Իշխանասարի հատվածում զորքն է թեթևացրել, ամբողջությամբ հետ չի քաշվել. Սիսիանի համայնքապետ

Սիսիանի Իշխանասարի տարածքից ադրբեջանական զինուժն ամբողջությամբ հետ չի քաշվել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն ասաց, որ երեկվա դրությամբ ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվել, իսկ այսօր դեռ պետք է ճշտի հրամանատարներից։

«Զինամթերքը, զորքն են թեթևացրել։ Այս պահին ընդամենը դա կարող եմ ասել, պետք է պարզեմ։ Կարող է նաև հետ էլ քաշվեն զորքերը»,-ասաց Արմեն Հակոբջանյանը։

Նշենք, որ այսօր առավոտյան Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանը լրատվամիջոցներին ասել էր, որ ադրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում հետ են քաշվել, սակայն համայնքապետը հստակ չգիտեր, թե որքան են զորքերը հետ գնացել։

ՊՆ-ն այս հարցի վերաբերյալ դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, միայն «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են լուրը՝ ասելով, որ սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Քաղաքականություն

Պատահարներ