
Թուրքիայի արժութային ճգնաժամը Էրդողանի ձեռքի գործն է

Թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեության հետևանքն է, Sputnik Armenia-ի փոխանցմամբ, գրում է բրիտանական Financial Times թերթը։
«Թուրքիայում արժութային ճգնաժամը պայմանավորված չէր երկրի տնտեսական խնդիրներով, ճգնաժամը Էրդողանի ձեռքի գործն է»,– նշված է հոդվածում։
ԶԼՄ–ն փաստարկներ է բերում, որոնց համաձայն` Թուրքիայի տնտեսությունը կայունացել է և արդեն օգոստոս–սեպտեմբերին դրական սալդո է ցուցադրել արտահանման հսկայական աճի ու օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի վերականգնման շնորհիվ։
Հոդվածի հեղինակները կարծում են, որ Էրդողանի վարկանիշը նվազում է գների միաժամանակյա աճի հետ, ինչը կենսամակարդակի կտրուկ անկման է հանգեցնում։
«Երբ Էրդողանն առաջին անգամ ընտրվեց, նրա իսլամիստական կուսակցությունը եկամուտների անշեղ աճի դարաշրջան էր խոստանում։ Երկար տարիների ընթացքում նա փորձում էր հասնել դրան, մասամբ ԱՄՀ–ի` ժառանգություն ստացած ծրագրի շնորհիվ, այնուհետև շինարարական բումի, որն այսօր սկսել է նվազել», – գրում է թերթը։
Պարբերականի վերլուծաբանների կարծիքով` մեծ ներուժ ունեցող Թուրքիայի առջև ծառացած միակ հարցն այն է, թե որքան կկառավարի նախագահը և ինչ վնաս կարող է հասցնել հեռանալուց առաջ։