
Ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից ընդամենը 9-ն են, որ պատվաստված են. Նախարարը մանրամասնում է

Պատվաստված քաղաքացիների հիվանդացության և հոսպիտալացման տեսանկյունից լավ պատկեր ունենք։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի 13 562 ակտիվ դեպքերի շրջանում ընդամենը 1092 պատվաստված քաղաքացի կա, որը կազմում է ակտիվ դեպքերի 8.1 տոկոսը։
«Այս պահին հոսպիտալացված 2900 քաղաքացիներից ընդամենը 102-ն են պատվաստված, ինչը կազմում է 3.5 տոկոսը։ Ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից ընդամենը 9-ն են, որ պատվաստված են»,-նշեց նախարարը։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մտահոգությունը, թե նոր շտամերն ինչպես են ազդելու պատվաստումների արդյունավետության վրա, դեռ շարունակում է մնալ, բայց նախարարը հիշեցրեց, որ դելտա շտամի տարածման սկզբնական շրջանում ևս այդ մտահոգությունները կային։
«Այնուամենայնիվ պատվաստումները հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքից ու մահվանից պաշտպանության բավարար շեմ ապահովում են։ Բոլորս հույս ունենք, որ այս նոր շտամի առումով ևս պատվաստումների արդյունավետությունը կպահպանվի»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։