
Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 70 մարդ

Ստամբուլում երեկ երեկոյան տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 70 մարդու են բերման ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
«Ստամբուլի մի շարք շրջաններում չարտոնված ցույցեր են կազմակերպվել։ Ցուցարարներին հորդորել են ցրվել։ Քանի որ նրանք անտեսել են նախազգուշացումները, մեր աշխատակիցները բերման են ենթարկել 46 տղամարդու և 24 կնոջ, ընդամենը` 70 մարդ», - ասված է Ստամբուլի անվտանգության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ թուրքական արժույթը մեկ տարվա ընթացքում գրեթե 40 տոկոսով արժեզրկվել է, իսկ այս երեքշաբթի նոր հակառեկորդ է սահմանել՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 13,21 լիրայի։
Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն ու Մերալ Աքշեները նոյեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ոչ կոմպետենտ լինելու մեղադրանք էին ուղղել: Հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին կոչ էին արել արտահերթ ընտրություն անցկացնել:
Էրդողանը մերժել էր ընդդիմության պահանջը՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետում, այսինքն՝ 2023 թվականի հունիսին։