
Որ դեպքում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները կհրաժարվեն Սուքիասյանի դեմ հայցից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ իշխանական պատգամավոր֊օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստին Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը նշեց, որ եթե պատասխանող կողմը հայտարարի, որ Սուքիասյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, կեղծ են, ապա հայցվոր կողմը կարող է հրաժարվել հայցից, ինչից պատասխանող կողմը հրաժարվեց։ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը ներկայացրեց հայցի առարկան՝ նշելով, որ պահանջում են պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին՝ ԱԺ հերթական նիստում ԱԺ ամբիոնից ուղիղ եթերում բանավոր հերքել իր կողմից արված հայտարարությունը, թե բելորը գիտեն, որ ՀՀ երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է Բադեն֊Բադենում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել հերքման տեքստը տարածել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ամբողջ տարածքում սփռում ունեցող լրատվամիջոցով։ Հայցվոր կողմը պահանջում է ԱԺ աշխատակազմին պարտավորեցնել՝ ԱԺ պաշտոնական կայքի միջոցով հերքում տարածել։ Բացի այդ՝ պահանջում են Սուքիասյանից՝ 1 մլն ՀՀ դրամ, որը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, միևնույն ժամանակ, հայցվորը չի առարկում, որ Սուքիասյանը գումարն ինքնուրույն փոխանցի հիմնադրամին։
ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչ Մերի Մոսինյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով, որ ՀՀ֊ին՝ ի դեմս ԱԺ֊ի՝ հեռացնեն պատասխանողներից, քանի որ գտնում է, որ ԱԺ֊ն չի կարող այս դեպքում հանդիսանալ որպես պատշաճ պատասխանող։ Մոսինյանի դիտարկմամբ՝ սա մասնավոր վեճ է։
Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ ՀՀ֊ն պատշաճ պատասխանող չէ։
Հայցվոր կողմն առարկեց միջնորդությանը։ Լսելով կողմերին՝ դատարանը մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25֊ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։ Սույն գործով Խաչատուր Սուքիասյանից բացի որպես պատասխանող կողմ է նաև ՀՀ-ն՝ ի դեմս ԱԺ աշխատակազմի։