
Ազատ է արձակվել «Դրոյի գործով» ցմահ ազատազրկված Արսեն Արծրունին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, հիմք ընդունելով ՔԿՀ-ի և պրոբացիայի ծառայության միջնորդությունը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Արծրունու փաստաբաններից Ռոբերտ Ռևազյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին անազատության մեջ է արդեն 28 տարի: ՀՀ գերագույն դատարանը 1996թ նրան մեղավոր է ճանաչել «Դրոյի գործի» շրջանակներում երկու տարբեր սպանություններ դրդելու մեջ և դատապարտել է մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2006թ. ՀՀ դատախազության միջնորդության հիման վրա դատարանը վերանայել է գործը՝ համապատասխանեցնելով Քրեական օրենսգրքի փոփոխություններին:
ՀՀ Վերաքննիչ դատարանը 2018-ին մերժել է Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատելու բողոքը։
«Դրոյի գործի» մասին
«Դրո» կառույցը երկու խոշոր գործողություն է իրականացրել՝ «Քերոբ» և «Թոփ-1» անուններով։ «Քերոբ» գործողության հետևանքով 1993-ի հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը «Դրո» կառույցի անդամները սպանել են ՀՀ քաղաքացիներ Աշոտ Ներսիսյանին ու նրա կնոջը՝ Նունե Մարուքյանին, իսկ 1994-ի մայիսի 2-ին «Թոփ-1» գործողության արդյունքում սպանվել է դաշնակցական Գագիկ Սահակյանը։
«Դրոյի գործով» անցնող հիմնական մեղադրյալներ Արսեն Արծրունին և Արմենակ Մնջոյանը դատապարտվել էին ցմահ։ Մնջոյանը մահացել է 2019-ի հունվարի 6-ին: